Քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգում փոփոխություն կատարվեց. նախագիծը համարվեց անհետաձգելի

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիտում հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին և այն անհետաձգելի համարեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է սահմանել իրավական հիմք, որպեսզի հնարավոր լինի ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն, ինչպես քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման լիազորությունը վերապահել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քաղաքացի ճանաչվելու հնարավորության ժամկետը երկարաձգել մինչև 2026թ-ը, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ-ում դեռևս բնակվում են ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որևէ երկրի քաղաքացիություն և դիմում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու և անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար։

Սույն դրույթն ապահովում է նաև «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի պահանջների պատշաճ կատարումը, որի շրջանակներում վերը նշված անձինք հնարավորություն են ստանում ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով բացառելովքաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ձեռք բերումը։

Բացի այդ, հաճախակի են լինում դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո օտարերկրյա քաղաքացիները չեն օրինականացնում իրենց հետագա բնակությունը Հայաստանում կամ դիմում են օրինականացման համար տևական ժամանակ անց, ինչի հետևանքով վերջիններիս գտնվելը ՀՀ-ում համարվում է անօրինական և առաջ է բերում վարչական պատասխանատվության ենթարկելու խնդիր։

Հաշվի առնելով, որ օրենսդրությամբ հստակ ժամկետներ սահմանված չեն ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ-ում բնակությունն օրինականացնելու համար, անհրաժեշտություն է առաջացել նախատեսել ողջամիտ ժամկետ՝ նշված անձանց ՀՀ-ում բնակությունն օրինականցնելու կամ ՀՀ տարածքից դուրս գալու համար։