Շատ ինտենսիվ զբաղվում են և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց գերեվարման ու խոշտանգման հարցով․ Արգիշտի Քյարամյան

ՀՀ քննչական կոմիտեն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ քննություն իրականացնելու իրավունք չունի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

«Բայց կան միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ` ագրեսիվ պատերազմ, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում` էթնիկ զտումը, որը ցեղասպանության հանցակազմի տարր է, որոնցով քննություն իրականացվում է», – ասաց նա:

Քյարամյանը նշեց, որ կա հարուցված քրեական վարույթ, որը վերաբերում է մինչև ռազմական գործողությունները տեղի ունեցած իրողություններին՝ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը ու այդ կերպ էթնիկ զտման համար նախադրյալներ ստեղծելը:

«Մենք՝ բոլորս ականատես եղանք, որ կարճ ժամանակահատվածում ավելի քան 100 հազար մարդ մահվան սպառնալիքի տակ ստիպված լքեց իր բնօրրանը։ Վարույթը նաև դրան է վերաբերում», – հավելեց ՔԿ նախագահը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ռազմական ագրեսիայի ժամանակ գերեվարել է 16 անձի` 6 զինծառայող և 10 քաղաքացիական անձ:

ՔԿ նախագահն ասաց, թե շատ ինտենսիվ զբաղվում են և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց գերեվարման ու խոշտանգման հարցով:

Ադրբեջանը 16 անձանցից միայն 9 անձի մասով է հաստատել իրենց տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը, մյուսների մասով կատարվում են համապատասխան գործողություններ։