Եղեգնաձորում բացվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը

Եղեգնաձորում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման մեկնարկին հնչեցին Հայաստանի և Եվրոպական Միության օրհներգերը, որից հետո Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ազդարարեց կենտրոնակայանի բացումը։

Իր ելույթում Ռիտերը հիշեց, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ինքը կրկին Եղեգնաձորում էր, կանգնած էր մի քանի փողոց այն կողմ և պաշտոնապես բացում էր ԵՄ  առաքելությունը։  «Այդ ժամանակ ես ունեի ընդամենը 2 մշտական աշխատակից, երեք դաշտային գրասենյակներ, որոնք գործում էին և մեծապես կախված էին Բրյուսելի աջակցությունից, անդամ պետություններից, անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության Եվրոպայի առաքելություններից՝ հատկապես Վրաստանում ԵՄ-ի առաքելությունից։ «Այսօր՝ 8 ամիս անց, ես կանգնած եմ մեր նոր գլխամասի առջև՝ առաքելության 93 անդամներով, որոնք ուղարկված են ԵՄ անդամ 23 պետություններից։ Թեև որոշ բարդություններ են եղել, ես կարող եմ հպարտորեն ասել, որ ԵՄ առաքելությունը հասել է իր լիարժեք գործառնական կարողություններին։

Սեպտեմբերի սկզբին մենք ունեինք 6 գրասենյակ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում և Իջևանում։ Մեր պարեկների օգնությամբ մենք կարողանում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ողջ երկայնքով»,- ասաց Ռիտերը՝ հավելելով, որ անցած շաբաթ անցկացրել են 1000-րդ պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին։

Ռիտերը շեշտեց, որ սահմանամերձ շրջաններում իրենց ներկայությամբ նպաստում են լարվածության թուլացմանը և տեղի բնակչության շրջանում անվտանգության զգացման բարձրացմանը։ «Մենք ամբողջ ԵՄ-ի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս հակամարտության վրա և մեր զեկույցներով մենք նպաստում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին՝ ԵՄ-ի աջակցությամբ։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեզ հյուրընկալող Հայաստանի Հանրապետությանը և տեղական իշխանություններին իրենց աջակցության համար։ Կարծում եմ բոլորս համաձայն ենք, որ այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության և հուսով եմ, որ մենք միասին կկարողանանք նպաստել այդ նպատակի իրականացմանը»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշեց, որ սա Հայաստանում ԵՄ-ի առաքելության լիարժեք սկիզբն է։

«ԵՄ-ի առաքելությունը այս տարվա փետրվարին իր գործունեության մեկնարկից ի վեր արժեքավոր ներդրում է ունեցել Հայաստանի կայունության գործում։ Մենք ավելի քան 1000 պարեկություն ենք իրականացրել և հազարավոր կիլոմետրեր ենք անցնում ամեն օր՝ կառուցելով վստահություն և դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին»,- ասաց Մարագոսը։