Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են, բայց` ուրիշ տարածքում

Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այն իրագործման ընթացքում է», – ասաց նա:
Նախարարի խոսքով, սակայն, գործարանը կլինի ոչ թե Երասխում, այլ` մոտակայքում: Թե կոնկրետ ո՞ր վայրում` ասաց` մոտակայքում:
Հարցին` սա չի՞ նշանակում, որ հայկական կողմը տուրք է տալիս Ադրբեջանի սպառնալիքին` Քերոբյանը նշեց, որ գործ ունենք  մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ ու իրենք են որոշում իրենց հետագա անելիքները:
«Մենք, հաշվի առնելով մեր աշխարհագրական ու տարածաշրջանային միջավայրը, փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել», – նշեց նա:
Նախարարն ասաց, թե տարբեր ներդրողներ հապաղում են ներդրումներ սկսել Հայաստանում, դրա համար է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է` խաղաղությունն էական նշանակություն ունի մեր ներդրումային միջավայրի համար: