Հայաստանում կրճատվում են ՏՏ ոլորտում իրականացվող ծրագրերը․ Հակոբ Արշակյանը դժգոհել է

Հայաստանում կրճատվում են IT ոլորտում իրականացվող ծրագրերը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ 2021թ. «Գաղափարից՝ գործարարություն» ծրագրի շրջանակում սթարտափերին որպես դրամաշնորհ հատկացվել է 562 մլն դրամ։ Այդ միջոցները նախատեսված են եղել 50 ընկերությունների համար։

«2022թ. այդ գումարը կազմել է 350 մլն դրամ։ 2023թ.  գումարը մնացել է նույնը։ Դրանք դրամաշնորհներ են, որոնք ստանում են սթարտափերը շուկա դուրս գալու համար։ Դրանք պետք են տեխնոլոգիաներում ներդրումների համար»,- ասել է Արշակյանը։

Բացի այդ, ինչպես նշել է Արշակյանը, 2020թ. գործարկվել է «Վիրտուալ կամուրջ» նախագիծը։ Սակայն հետագայում կորոնավիրուսի համավարակն սկսվեց, սկսվեց պատերազմը։ Արդյունքում՝ ծրագիրը լիովին դուրս մնաց պետբյուջեից։ Եվ դա՝ այն դեպքում, երբ նախատեսվում էր ծախսել մոտ 1 մլրդ դրամ։ Ծրագիրը, մասնավորապես, հնարավորություն էր տալիս ձեռներեցներին վերապատրաստվել արտասահմանում, այդ թվում Սիլիկոնային հովտում։

Փոխնախագահը ուշադրություն է հատկացրել նաև «Բուհ-մասնավոր հատված համագործակցություն. մասնագետների պատրաստումը» ծրագրին, որը ենթադրում էր տարբեր ոլորտների աշխատողների զանգվածային վերապատրաստում։ «2020թ., երբ այն գործարկվեց, վերապատրաստում անցել էր 5 225 մարդ։ 2021թ. այդ ցուցանիշը կազմել է 2 896, 2022թ.՝ 791, 2023թ.՝ միայն 500 մարդ»,- նշել է Արշակյանը։ Նվազել է նաև ծրագրի ֆինանսավորումը. 2020թ. 390 մլն-ից 2023թ. 100 մլն դրամ։

Նրա խոսքով՝ մարդկանց թիվը պետք է ավելանա, ոչ թե կրճատվի։ Պետությունը պետք է խթանի կրթություն ստանալը, մասնավորապես, համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում։ Դա, նրա կարծիքով, երկրի ապագան է, և այն մրցակցային առավելություն ունի այս մասով։