Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 35

Սկիզբը` այստեղ

ԱՄՆ- ի իշխանությունների քաղաքականությունը մարդկությանը կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի. այս մասին օրերս, ТАСС- ի փոխանցմամբ , հայտարարել է ամերիկացի գործարար ու միլիարդատեր, «Tesla» և «SpaceX» ընկերությունների (նախկինում նաև՝ Twitter- ի) սեփականատեր Իլոն Մասկը փոդքասթի ընթացքում, որը վարել է ամերիկացի գործարար Դևիդ Սաքսը X (Twitter) սոցիալական ցանցում:

Գործարարի կարծիքով, մարդկությունը շարժվում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ ԱՄՆ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, որը «ստիպում է Ռուսաստանին և Իրանին դաշինք կնքել Չինաստանի հետ», որոնք միասին Արևմուտքին տպավորիչ հակակշիռ են ներկայացնում:

«Կարծում եմ, որ մենք դրանում մեզ հաշիվ չտալով, շարժվում ենք դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ՝ մի հիմար որոշումը կայացնելով մյուսի հետևից»,- հայտարարել է Մասկը X-ի իր էջում հրապարակված փոդքասթի եթերում:

Մասկի կարծիքով, այս երկու կողմերի շահերի բախման դեպքում պետք է ակնկալել «մասշտաբային մարտ», որում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան չի ունենա «արդյունաբերական հզորության ակնհայտ առավելություն», որը կարող է հաղթանակ ապահովել մարտական գործողություններում:

«Ռուսաստանն ունի հումք, իսկ Չինաստանը՝ արդյունաբերական ներուժ, ինչը, անկեղծ ասած, իդեալական համադրություն է պատերազմի տեսանկյունից»,- նշել է գործարարը և ԱՄՆ իշխանություններին կոչ արել հրաժարվել առճակատման քաղաքականությունից:

«Դա խելամիտ չէ, և ես կարծում եմ, որ դա հսկայական ռիսկ կբերի քաղաքակրթության համար,- հայտարարել է Մասկը:- Բացառված չէ, որ մենք երբեք չվերականգնվենք Երրորդ համաշխարհային պատերազմից։ Եվ ես կարծում եմ, որ ներկա պահին նրա ռիսկն արագորեն մեծանում է»:

ԱՄՆ Կոնգրեսին կից ամերիկյան ռազմավարական հայեցակարգի հարցերով զբաղվող հանձնաժողովի զեկույցում՝ հրապարակված հոկտեմբերի 13-ին, ասվում է, որ Միացյալ Նահանգները պետք է ամրապնդի իր պաշտպանունակությունը և պատրաստ լինի հնարավոր պատերազմին երկու ճակատով՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ: Ըստ այդմ, զեկույցը գրվել է վերջին տասնամյակում երկու երկրների «անհանգստություն հարուցող» վարքագծի ֆոնին։

Իրականում, սակայն, տեղերն ու դերերը փոխված են. հատկապես վերջին տասնամյակում անհանգստություն, իսկ վերջին տարիներին արդեն տագնապ հարուցող է հենց ԱՄՆ- ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի վարքագիծը, միաբևեռ աշխարհակարգ հաստատելուն նպատակաուղղված նրանց խորամանկ, նենգ, միաժամանակ սադրիչ, ագրեսիվ ու հույժ վտանգավոր քաղաքականությունը:

Հետաքրքիր է, որ 2 օր անց  հոկտեմբերի 15-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը ռազմական դաշինք չեն ստեղծում, ընդգծել, որ այդպես են վարվում արևմտյան երկրները, իսկ այնուհետև հավելել՝ «Մենք բոլորս պատրաստվում ենք պատերազմի»:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովն անցած ուրբաթ հայտարարել է, որ աշխարհն այժմ գտնվում է շատ վտանգավոր իրավիճակում, և դա մեծամասամբ կապված է արևմտյան երկրների ապակառուցողական գործողությունների հետ:

«Աշխարհում իրավիճակը գնահատում ենք չափազանց վտանգավոր,- ТАСС- ի փոխանցմամբ , ասել է նա՝ ելույթ ունենալով «Եվրասիական անվտանգություն. իրականություն և հեռանկարներ փոխակերպվող աշխարհում» միջազգային խորհրդաժողովում։- Ապակառուցողական դեր են խաղում Արևմտյան պետությունները, առաջին հերթին՝ ԱՄՆ- ն և նրա վերահսկողության տակ գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքը»:

Շևցովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի որոշումը՝ «աջակցել Կիևի հանցավոր ռեժիմին և Ռուսաստանին պարտության մատնել մարտի դաշտում», վերջակետ է դրել եվրոպական անվտանգության ճարտարապետության կառուցման շուրջ բազմամյա քննարկումներին:

«Նույնիսկ նախքան հատուկ ռազմական գործողության սկսվելը, ուկրաինական վերնախավի արևմտյան տերերը դեն են շպրտել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները»,- արձանագրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը:

Շևցովի գնահատմամբ՝ այժմ արդեն ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ միջազգային հարաբերությունների համակարգում տեկտոնական փոփոխությունները, բազմաբևեռ աշխարհակարգի մոդելին անցումն անդառնալի բնույթ են կրում։

«Այս օբյեկտիվ միտումը կատեգորիկ մերժում է առաջացնում արևմտյան փոքրամասնության մոտ, որը փորձելով պահպանել համաշխարհային գերիշխանությունը, չի խորշում ոչ մի միջոցից՝ միակողմանի պատժամիջոցներից մինչև հիբրիդային պատերազմների վարում,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը:- Արևմուտքի նման հիբրիդային ագրեսիայի թիրախների վառ օրինակ են Ռուսաստանն ու Բելառուսը» (ընդգծումը՝ մերը):

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ZDF հեռուստաալիքի եթերում, իր հերթին, հայտարարել է, որ Եվրոպայում պատերազմի վտանգ կա:

«Մենք պետք է նորից վարժվենք այն մտքին, որ Եվրոպայում կարող է ծագել պատերազմի վտանգ,- РБК- ի փոխանցմամբ , ասել է պաշտպանության նախարարը:- Գերմանիան պետք է պատրաստ լինի պաշտպանել իրեն: Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»:

Դատելով ամենից, Պիստորիուսն ինչ- որ երկրի կամ երկրների հետ արտաքին պատերազմից բացի, նկատի ունի նաև ներքին կամ քաղաքացիական պատերազմը: Գերմանիայի պաշտպանության նախարարը երևի նոր է հասկացել պատերազմի վտանգի հնարավորությունը՝ այն էլ, ցավոք, միայն Եվրոպայում…

Անցյալ շաբաթ ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը կարծիք էր հայտնել, որ Եվրոպան «շարժվում է դեպի քաղաքացիական պատերազմ»:

Գերմանիայի պաշտպանության նախարարը միաժամանակ փարիսեցիաբար հավաստիացրել է, որ Գերմանիան կանի հնարավորը Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիճակի հետագա էսկալացիա թույլ չտալու համար՝ այն դեպքում, երբ հենց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը թե Ուկրաինային, թե Իսրայելին Գերմանիայի ռազմական աջակցությամբ և այդ աջակցության խոստմամբ (https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/19136647https://www.rbc.ru/politics/18/10/2023/652ff4309a794799fd172e20 , https://lenta.ru/news/2023/10/22/scholz/) քիչ բան չի արել, որպեսզի իրավիճակի հետագա թեժացումը հնարավոր լինի:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան