Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը Գազայի և Իսրայելի վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արաբական երկրների բանաձևը, որը կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

Բանաձևին կողմ է քվեարկել 120, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45 երկիր։ Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը։

Ավելի վաղ Հորդանանն ու ավելի քան 40 երկրներ պատրաստել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ Իսրայելի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բանաձևի համաձայն, որի պատճենը հասանելի է «ՌԻԱ Նովոստի»-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտում է պաղեստինցի և իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ ուղղված բռնությունները։ Տեքստը կոչ է անում անհապաղ, հուսալի, կայուն մարդասիրական զինադադար, որը կհանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը: Փաստաթուղթը նաև կոչ է անում «անհապաղ, անվերապահ ազատ արձակել անօրինական գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց»:

Բանաձևը նաև պահանջում է բոլոր կողմերին հետևել հումանիտար իրավունքով ստանձնած պարտավորություններին, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների պաշտպանությանը: Համաձայն տեքստի, ՄԱԿ-ը պահանջում է Գազայի հատվածում անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների անհապաղ, կայուն և անխոչընդոտ առաքում: Փաստաթուղթը կոչ է անում UNRWA-ի անձնակազմի և մարդասիրական օգնության այլ աշխատակիցների անհապաղ անխոչընդոտ մուտքը Գազա: Փաստաթուղթը պարունակում է նաև կոչ՝ չեղարկել Իսրայելի հրամանը Գազայի բնակիչների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ դեպի հարավ տեղափոխելու մասին:

Բանաձևում նշվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի համաձայն պաղեստինցի խաղաղ բնակիչների պաշտպանությունն ապահովելու մեխանիզմի ստեղծման հրատապ անհրաժեշտությունը։