Փաշինյանի ու Սարգսյանի ուղերձները

Օրերս համացանցում նորից մեր աչքով ընկավ Նիկոլ Փաշինյանի 24.09.2023թ. ուղերձն Անկախության մասին: Եթե շատ հակիրճ բնութագրենք այն, ապա գործ ունենք ոչ թե պետության անվտանգության մասին մտածող ու հոգացող ղեկավարի, այլ ճիշտ հակառակը՝ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգը կացնահարել փորձող չարագործի ուղերձի հետ, որն այդ քայլին է դիմում ոչ թե տխմար, այլ մեր արտաքին թշնամիների գործակալը, կամակատարը կամ հանցակիցը լինելով:

Կար ժամանակ, սակայն, երբ Հայաստանի ղեկավարի ուղերձը թելադրված էր մեր երկրի շահերով և անվտանգությամբ: Ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. հոկտեմբերի 2- ի ուղերձի, մենք գործ ունենք հայեցակարգային մոտեցումների մի ամբողջական համալիրի հետ, որի առանձին ենթակետեր ավելորդ չենք համարում ներկայացնել, որպեսզի ընթերցողը Փաշինյանի ուղերձի հետ համեմատության եզրեր ունենա:

Նախ, պարոն Սարգսյանի ուղերձից պարզ է դառնում, որ իշխանությունները ցանկացել են իրականացնել ստեղծագործական, դինամիկ ու ճկուն քաղաքականություն, որն անհրաժեշտաբար պահանջում էր քաղաքական ուժերի և ողջ հասարակության ավելի լայն ներգրավումը բախտորոշ որոշումներ դարձող առաջարկությունների քննարկման գործընթացի մեջ:

Առաջ քաշելով այս նոր ելակետը, նախագահը մատնանշել է երկրի առջև կանգնած այն հիմնախնդիրները, որոնց շուրջ այսուհետ ծավալվելու է ավելի առարկայական խոսակցություն՝ նախագահի ուղերձների միջոցով հիմնավորվող գաղափարների և քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակության պատասխան առաջարկների տեսքով: Սերժ Սարգսյանի կարծիքով, դրանք ամփոփվում են «Մեր և աշխարհի մասին», «Մեր ու մեր գործելաոճի մասին», «Մեր ու մեր հասարակության մասին», «Մեր ու մեր խնդիրների մասին», «Մեր ու մեր ապագայի մասին» և այլ ենթակետերում:

Առայժմ սոսկ պայմանական նշանակություն ունեցող նման խնդիրների փակագծերը հաջորդաբար բացելու միջոցով Ս. Սարգսյանը ներկայացրել է երկրի արտաքին ու ներքին քաղաքականության առաջ ծառացած հիմնական խնդիրները:

Արտաքին- քաղաքական ոլորտը գնահատելու ընթացքում հիմնվելով նոր մարտահրավերների, այդ թվում՝ տարածաշրջանում շարունակվող սպառազինությունների մրցավազքի և Ադրբեջանի ու ԼՂՀ- ի միջև հաշտության պայմանագրի բացակայության փաստի վրա, նախագահը հանգել է այն եզրակացության, որ Ղարաբաղյան պատերազմի անավարտ լինելը սթափվելու ազդանշան պետք է լինի բոլորիս համար:

Ուղերձի՝ «Մեր ու մեր գործելաոճի մասին» ենթակետում Ս. Սարգսյանը ներկայացրել է առաջադրվող նպատակների կոլեկտիվ քննարկման և ընդունման նոր մեթոդաբանությունը, որով առաջնորդվելու են Հայաստանի իշխանությունները: Այն նախատեսում է Ազգային ժողովի, քաղաքական կուսակցությունների և Անվտանգության խորհրդի դերի նկատելի բարձրացում, ինչպես նաև Հանրային խորհրդի միջոցով հասարակությանը ներգրավելու աշխատակարգերի ձևավորում:

Կարևոր է նաև ուղերձի «Մեր ու մեր հասարակության մասին» ենթակետում առաջադրված հասարակական հարաբերությունների որակը փոխելու և մեզանում արմատավորված մրցակցությունից խուսափելու, ճարպկորեն նեղ անձնական խնդիրները լուծելու գործելաոճի հաղթահարման անհրաժեշտությունը: Ս. Սարգսյանը կարևորել է նաև, իր բնորոշմամբ, «գռփելապաշտության», «հեռախոսային արդարադատության» և այլ բացասական երևույթների հաղթահարումը:

Ուղերձի վերջին՝ «Մեր ու մեր ապագայի մասին» ենթակետում նախագահն առաջադրել է նոր սերնդին համակած սպառողական հոգեբանության և «սխալ երազանքների» հաղթահարման կարևոր առաջադրանքը: Նրա կարծիքով, մեր բոլոր անելիքները կիմաստազրկվեն, եթե հայ երեխայի «հերոսը» լինի ոչ թե առարկայական օլիմպիադայի հաղթողը, այլ «թանկարժեք ավտոմեքենա ունեցողը»:

Այսպիսով, իր առաջին ուղերձի միջոցով նախագահը մեկ առ մեկ առաջադրեց մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարման ընդհանուր դեղատոմսերը: Ուղերձի բովանդակությունը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարությունը խորապես գիտակցել է ողջ հասարակությանն ակտիվացնելու, նրա դրական եռանդն արթնացնելու միջոցով արտաքին ու ներքին մարտահրավերների համատեղ հաղթահարմանը հասնելու անհրաժեշտությունը: Իսկ ի՞նչ ենք տեսնում այժմ թեկուզ միայն այս վերջինի առումով…

 

Արման Ծատուրյան