Երևանը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կկազմակերպի Լեռնային Ղարաբաղ. Արարատ Միրզոյան

Բռնի տեղահանությունից հետո հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության  հարցը ԼՂ-ում էլ ավելի է սրվել։

Այս մասին ՀՀ-ի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք նախկինում այս հարցով դիմել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային գործընկերների, կար պայմանավորվածություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել ԼՂ, բայց Ադրբեջանի հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը չի կայացել։ Այժմ այդ առաքելությունը էլ ավելի պահանջված է»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նախարարը ընդգծեց, որ հարցի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել նաև Հունգարիայի արտգործնախարարի հետ։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն նախարարին, ով անկեղծորեն ցանկություն հայտնեց  միջամտել ու իր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում։

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև այն բանի համար, որ Հունգարիան կարողացավ բանակցությունների հարցում 5 հայ ռազմագերիներ վերադարձնել։ Այժմ, երբ 100․000-ից ավելի բռնի տեղահանվածներ ունենք Հայաստանում, Հունգարիան իր մասնակցությունն է հանդես բերել նրանց օգնության գործում։

Քիչ առաջ լսեցինք, որ Հունգարիան իր պատրաստակամությունն է հայտնել տրավմա ապրած երեխաներին՝ հոգեբանական աջակցություն հայտնելու գործում։

Մենք շնորհակալ ենք և նույնպիսի վերաբերմունք ենք ակնկալում նաև մշակութային ժառանգության հետ կապված»,- ասաց Արարատ Միրզոյանը։