Թբիլիսիում Փաշինյանի ու Ասադովի հանդիպումը տևել է մի քանի ժամ

Ղարաբաղյան զարգացումներից հետո Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Հանդիպումն անցկացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու ղեկավարությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները  մի քանի ժամ դեմ առ դեմ քննարկել են երկու երկրների միջև հակամարտությունը։

Վրաստանի վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է գալա ընթրիք։

Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումն անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հովանու ներքո։ Ֆորումին մասնակցում են ավելի քան 2000 պատվիրակներ աշխարհի շուրջ 60 երկրներից։