ՀԱՊԿ աշխատանքը պետք է հարմարեցնել քաղաքական ներկա իրողություններին. գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ–ի գործունեության որոշ ասպեկտներ, այդ թվում արձագանքման մեխանիզմներն ու ուժային բաղկացուցիչը, թարմացման կարիք ունեն։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Այսօրվա քաղաքական իրողությունները հաշվի առնելով` անհրաժեշտություն է առաջանում արդիականացնել ՀԱՊԿ գործունեության որոշ ասպեկտները, դրանք համապատասխանեցնել ժամանակի պահանջներին», – Մինսկում անցկացվող համաժողովի ժամանակ հայտարարել է Տասմագամբետովը։

Նա նաև նշել է, որ կտրուկ մեծանում է համակարգային գործողությունների անհրաժեշտությունը` առկա ճգնաժամերի նկատմամբ արձագանքման արդյունավետ մեխանիզմների մշակման և հնարավոր հակամարտությունները կանխելու հարցում։

Նման աշխատանքը պետք է հիմնվի միջազգային անվտանգության և նոր մարտահրավերների և սպառնալիքների կանխատեսման ոլորտում իրավիճակի խորը վերլուծության վրա։ Այդ նպատակով կազմակերպությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, աշխատում է վերլուծական գործիքակազմի թարմացման ուղղությամբ։

Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը նման աշխատանքներում ուղեղային կենտրոնների և անդամ պետությունների գիտական և փորձագիտական հանրության ակնառու ներկայացուցիչների է ներգրավում, ինչպես նաև հարց դնում կազմակերպության վերլուծական գործունեության նոր մեթոդաբանության մշակման մասին։ Ներկա պահին աշխատանք է տարվում որոշումների ընդունման և ճգնաժամային արձագանքման հարցում վերիֆիկացման ժամկետների կտրուկ կրճատման ուղղությամբ։

«Առաջնահերթ ուշադրություն է պահանջում ՀԱՊԿ գործունեության ուժային բաղադրիչի հետագա ամրապնդումը, նախապատրաստման համակարգերի կատարելագործումն ու դրա կառավարումը հավաքական ուժերով։ Կարևորագույն խնդիրների թվում են զորքերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով համալրելը», – հավելել է Տասմագամբետովը։