Չարժե, որ Ռուսաստանն ու Հայաստանը շփվեն թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով. Պեսկով

Այս պարագայում մենք հակված չենք The Wall Street Journal-ին որպես առաջնային աղբյուր ընկալելուն, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ The Wall Street Journal -ին  տված հարցազրույցում Փաշինյանը մասնավորապես ասել է.
«Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»։

«Մեր հայ գործընկերների հետ զրույցում մենք ակնկալում ենք ստանալ այս հարցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։ Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով։ Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ գործընկերների հետ, և կշարունակենք դա անել, մենք ունենք շատ լայն օրակարգ»,- ասել է Պեսկովը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, փորձում է օգնել Բաքվին և Երևանին վերջապես խաղաղության պայմանագրի կնքման գործում։

«Սա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ողջ տարածաշրջանում ավելի դրական, ստեղծագործ կենսամակարդակի հասնելու համար»,- ամփոփել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։