Իմ ղեկավարման օրոք 1500 ինքնաթիռ սպառազինություն է ներկրվել Ռուսաստանից․ Սեյրան Օհանյան

«Անվտանգության դիվերսիֆիկացիան՝ հատկապես սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման շրջանակում նորություն չէ Հայաստանի համար»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները։

Նա նշեց, որ Ռուսաստանից ու այլ ռազմավարական գործընկերներից բացի, այլ երկրներից ևս ներկրվել են փոքր քանակություններ։
Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարն արձանագրեց, որ բարդություներ, դժվարություններ առկա են, քանի որ Հայաստան սպառազինություն բերվում է  տարանցիկ երկրների՝ Վրաստանի, Իրանի տարածքով։

«Եթե այսօր հնարավորություն կա, որ այլ երկրներից ձեռք բերեն սպառազինություն ու ռազմական տեխնիկա, կարծում եմ ոչ ոք՝ նաև մեր ռազմավարական գործընկերները արգելք չեն ունեցել։ Բայց ՀՀ շահերն առաջ են տանում Հայաստանի իշխանությունները։ Մի կողմից փորձել սպառազինություն ձեռք բերել այլ երկրներից՝ Հնդկաստան, Ֆրանսիա, որոնք մեզ համար բարեկամ երկրներ են հանդիսանում, բայց մյուս կողմից հարաբերությունները վատթարեցնել ռազմավարական գործընկերոջ հետ, որի աջակցությամբ նախկինում բավականին մեծ սպառազինություն ենք ձեռք բերել, ճիշտ չէ»,-ասաց նա։
Սեյրան Օհանյանը նշեց, իր ղեկավարման օրոք 1500 ինքնաթիռ սպառազինություն է ներկրվել Ռուսաստանից։
«Մեր ռազմավարական գործընկերությունը երկարատև պատմություն ունի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ հարթակներում։ ՀԱՊԿ անդամ երկրներից էլ մենք փոքր ներկրումներ ունեցել են, ունեցել ենք պայմանագրաիրավական լուրջ բազա։ Հայաստանը շահագրգիռ կողմ է եղել, ու ինքն է նախաձեռնող եղել ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ, ինչպես միացյալ զորախմբի ստեղծումը, օպերատիվ ռեզերվների կուտակման շրջանակում գործընթացները, ՀԱՊԿ-ի շրջանակում՝ օպերատիվ կառավարման հավաքական ուժեր, հետախուզության և հակաօդային համակարգերի ձևավորում, ռազմական կոմիտե։ Խաղաղապահ գործողությունների շրջանակում մենք եղել ենք օրինակելի։ Այս ամենը հաշվի առնելով՝ հարաբերությունները վատթարացնելը ես գտնում եմ, որ ճիշտ չէ»,-ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ եթե Ռուսաստանի Դաշնությունից այսօր իշխանությունները չեն կարողանում ներկրումներ անել, պատասխանատուն Հայաստանի Հանրապետության իշխանություններն են։