ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայությունն ավելացնելու մասին

Միացյալ Նահանգները և Թուրքիան խորհրդակցություններ են վարում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) նավերի առկայությունը Սև ծովում ավելացնելու մասին։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերի գծով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի լսումներում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Սենատորները նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն փորձում է ընդլայնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Սև ծովում։ «Սա մեր թուրք դաշնակիցների հետ քննարկման մշտական թեման է։ Թուրքիան վերահսկում է ռազմանավերի մուտքը Սև ծովում»,- պատասխանել է դիվանագետը։

Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը Անկարային համոզում է հետ կանգնել Մոսկվայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումից։ Փոխարենը ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում է ամրապնդել երկկողմ հարաբերությունները։