Ի՞նչ կատարվեց և ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջան-Հայաստան գործընթացում

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրել է․

«1. Ադրբեջանն օգտագործեց արևմտյան/բրյուսելյան, վաշինգթոնյան, ԵՔՀ հարթակներն Ալմաթիի հռչակագրի բովանդակությամբ պայմանավորված Հայաստանի և Արևմուտքի դիրքորոշման հիման վրա Արցախի հարցը լուծելու համար՝ ըստ էության, խոստանալով հրաժարվել Հայաստանի նկատմամբ տարածքային և «միջանցքային» հավակնություններից։

  1. Զուգահեռաբար Ադրբեջանը կուլիսներում գործարքի գնաց Ռուսաստանի հետ՝ ստանալ Արցախը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ճարտարապետության պահպանման և դրա հիման վրա «ապաշրջափակման» գործընթացի դիմաց։
  2. Ապա, երկու հակոտնյա հարթակներում իրարամերժ պայմանավորվածությունների զորու, սեպտեմբերի 19-ից գրավեց Արցախի տարածքն ամբողջությամբ՝ ըստ էության, ամբողջովին սեփական օրակարգով՝ էթնիկ զտման եղանակով լուծելով արցախյան հիմնախնդիրը։
  3. Դրանից հետո Ադրբեջանը հրաժարվեց արևմտյան հարթակներում ունեցած պարտավորություններից/տված խոստումներից՝ մերժելով/փորձելով նոր օրակարգ ձևավորել արևմտյան միջնորդությամբ բանակցություններում։ Սա նշանակում է, որ Բաքվի օրակարգում շարունակում է մնալ առնվազն «միջանցքի» հարցը և ՀՀ նկատմամբ այլ տարածքային հավակնությունները առաջնահերթ գուցե անկլավների տեսքով։

Ամփոփելով, փաստացի, Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի համակողմանի աջակցությունը/ռազմաքաղաքական անձրևանոցը, կարողանում է մանևրել/մոլորեցնել ինչպես միջնորդ դերակատարներին, այնպես էլ Հայաստանին տարաբնույթ բանակցային գործընթացներում։ Բաքվի այս քաղաքականությունն իր հերթին հաջողվում է Հայաստանի կողմից նոր պատերազմից ամեն կերպ խուսափելու, արևմտյան միջնորդների կողմից տարածաշրջանում ներգրավվածությունը չխորացնելու ցանկության/հնարավորությունների բացակայության, ինչպես նաև՝ Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասում իր ազդեցությունն ամեն կերպ պահպանելու քաղաքական ուղեգծի պատճառներով»։