Արցախի ռազմաքաղաքական վերնախավի հանդեպ քպ-ականների քար լռությունն ու Սերժ Սարգսյանի կառավարության նախաձեռնությունը Փերինչեքի դատավարության գործում

Արցախն ամբողջությամբ հայաթափելուց հետո Ադրբեջանը նախաձեռնեց և փայլուն իրականացրեց Արցախի ռազմաքաղաքական վերնախավի առևանգումն ու նրանց անօրինական կալանավորումը Բաքվի բանտերում՝ նրանց դեմ մի շարք վտանգավոր քրեական հոդվածներով գործեր հարուցելով, որոնք ընդհուպ մինչև ցմահ բանտարկում են նախատեսում: Առևանգումների շղթան սկսվեց Արցախի նախկին պետնախարար, հայտնի մարդասեր, գործարար Ռուբեն Վարդանյանին Արցախից դուրս գալիս առևանգելուց: Նրա հետևից վայրագ ադրբեջանցիների ճիրաններում հայտնվեցին Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, անգամ Արայիկ Հարությունյանը, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը: Այսօր այդ մարդկանց ճակատագիրն անորոշ է, իսկ մադու իրավունքների դեմ իր հանցագործություններով, անօրինություններով ու վայրագություններով հայտնի Ադրբեջանը՝ իր ղեկավարությամբ ամեն քայլի կարող է դիմել, վտանգել այդ մարդկանց կյանքն ու առողջությունը՝ իրենց շահերի համար նրանց օգտագործելու նպատակով: Ինչպես իր ասուլիսի ժամանակ նշեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվում պահվող գերեվարված ու առևանգված հայերը գտնվում են կյանքի անմիջական սպառնալիքի ներքո, հետևաբար նրանց ազատումը օր առաջ անհրաժեշտ ու կարևորագույն խնդիր պետք է լինի Հայաստանի Հանրապետության համար: Այնինչ մենք տեսնում ենք, որ մասնավորապես Արցախի ռազմաքաղաքական վերնախավի նկամամբ Հայաստանի իշխանությունները նույնպիսի անտարբերություն են ցուցաբերում, ինչպես Արցախի ճակատագրի հարցում։ Եվ եթե վարչապետի աթոռը զավթած անձը գոնե մեկ-մեկ ձևականորեն խոսում է արցախահայերի իրավունքներից ու անվտանգությունից Ադրբեջանի կազմում՝ քաջ գիտակցելով, որ դա առասպելի ժանրից է, ապա այսքան ժամանակ որևէ թթու խոսք չի ասել իր եղբայր Ալիևի հասցեին՝ Արցախի Հանրապետության խորհրդանիշը դարձած անձանց, երբեմնի պաշտոնյաներին անօրինականորեն Բաքվի բանտերում պահելու հարցում: Բնականաբար, եթե Փաշինյանը նախընտրում է այդ թեմայով լեզուն ատամների արանքում ուժեղ սեղմած պահել, քանի որ դա կարող է խիստ դուր չգալ իր ավագ եղբորը, ապա նրա արբանյակները՝ կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչները, առավել ևս իրենց իրավունք չեն վերապահի Բաքվի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել: Ես ավելի շուտ նրանցից գովեստի կամ խրախուսական, արդարացնող խոսքեր կսպասեմ Ալիևի հասցեին: Իսկ եթե խոսքեր չկան, ապա գործերն էլ բացառվում են, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ քայլ չի ձեռնարկել այդ մարդկանց իրավունքներն Ադրբեջանում պաշտպանելու համար, միջազգային իրավական, քաղաքական կառույցներին գոնե մի երկտող չի հղվել այս պահի դրությամբ: Թերև քպ-ական իշխանությունը հետևյալ կերպ է մտածում՝ «մենք Արցախի հետ որևէ գործ չունենք, այլևս Արցախի, հետևաբար Արցախի ռազմաքաղաքական վերնախավի անվտանգության երաշխավորը չենք, և ինչ կատարվում է այնտեղ, մեզ չի վերաբերում»: Եվ փույթ չէ, որ առևանգված, անօրինական պատանդառված պաշտոնյաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնց պաշտպանությունը հենց Հայաստանի Հանրապետությունն է ստանձնել: Որքան հասկանում եք՝ նրանք այդ ուղղությամբ ոչինչ էլ չեն ձեռնարկելու, և եթե որևէ նախաձեռնություն էլ լինի Հայաստանից, ապա դա միայն մասնավոր, ոչ պետական կառույցների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից է լինելու:

Ակամա հիշեցի տարիներ առաջ աղմկահարույց մի դատավարություն, որին հետագայում որպես երրորդ կողմ ներգրավվել էր նաև Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության: Խոսքը Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի դատավարության մասին է: 2007 թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, որ Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության մերժման համար: Այդ երկրում 2005 թ. տարբեր համաժողովների ընթացքում նա հայերի ցեղասպանությունն անվանում էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց ռասայական խտրականության հոդվածով:

Դատական նիստերի ընթացքում թուրք ազգայնականը շարունակում էր իր թեզը` հայտարարելով, որ ինքը «չի մերժել ցեղասպանությունը, քանի որ ցեղասպանություն չի եղել»: Արդյունքում, 2007 թ. մարտին Շվեյցարիայի շրջանային դատարանը նրան մեղավոր ճանաչեց օրենսդրությունը խախտելու մեջ և նշանակեց 12 000 շվեյցարական ֆրանկ տուգանք: Նույն տարում Շվեյցարիայի Դաշնային Գերագույն դատարանը հաստատեց այդ որոշումը, իսկ Փերինչեքը հայտարարեց, որ կդիմի ՄԻԵԴ: Մի քանի տարի տևած դատավարությունից հետո 2013 թ. դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի 7 դատավորներից 5-ը վճռեցին, որ արդարացված չէր քրեական դատապարտումը 1915 թ. և դրանից հետո հայ ժողովրդի դեմ կատարված վայրագությունների մերժման համար, իսկ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը: ՄԻԵԴ-ի որոշման համաձայն, «զգայուն և հակասական բնույթ կրող հարցերի բաց քննարկման իրավունքի ազատ իրականացումը եղել է կարծիք արտահայտելու ազատության հիմնարար ասպեկտներից մեկը և այն հանդուրժողական ու բազմակարծ ժողովրդավարական հասարակությունը տարբերակում է տոտալիտար կամ բռնատիրական ռեժիմից»:

ՄԻԵԴ-ը հստակ սահմանազատում է դրել նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև` նշելով, որ վերջինի վերաբերյալ գոյություն ունեն շատ կոնկրետ պատմական փաստեր, օրինակ, գազային խցերի առկայությունը: Իսկ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ՝ իբրև ոչ:

2014 թ. մարտի 17-ին Շվեյցարիայի իշխանությունները որոշեցին բողոքարկել ՄԻԵԴ-ի դեկտեմբերի 17-ի որոշումը: Եվ հենց այդ ժամանակ ՀՀ իշխանությունները նախաձեռնեցին մասնակցելու այդ դատավարությանը՝ որպես երրորդ կողմ՝ հասկանալով, որ ըստ էության Շվեյցարիա-Թուրքիա դատական գործընթացը առաջին հերթին վերաբերում է հայկական շահին՝ Հայոց հարցին: Եվ Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմեց ՄԻԵԴ: Նշենք, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաև Թուրքիան:

Դեպ, ՄԻԵԴ որոշումը բողոքարկելու մասին Շվեյցարիայի դիրքորոշման նկատմամբ այն ժամանակ արտահայտվեց ՀՀ ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ամենաբարձր մակարդակով ողջունելով Շվեյցարիայի կառավարության նախաձեռնությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կկայացնի, որը չի վիրավորի ցեղասպանությունների զոհ դարձած միլիոնավոր մարդկանց հիշատակը: «Բոլորը գիտեն, որ Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը, և մենք ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճիշտ որոշում կկայացնի, ինչի ականատեսը եղանք: Այդ որոշումն ակնկալվող, սպասվող որոշում էր: Իհարկե, այդ որոշման կայացման գործում ահռելի է Շվեյցարիայի իշխանությունների դերը: Շվեյցարիայի կառավարությունն ինքն է որոշում կայացրել, բայց այստեղ մենք պետք է գնահատենք միջազգային կառույցների, տարբեր մարդկանց ներդրումը կամ նրանց վերաբերմունքը եվրոպական դատարանի որոշմանը, նրանց դիմումը Շվեյցարիայի կառավարությանը, ցեղասպանագետների միջազգային միության, տարբեր անհատների, տարբեր կառույցների կողմից ծավալված գործունեությունը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը վստահություն էր հայտնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել: «Վստահ եմ, որ Շվեյցարիայի կառավարությունը հետամուտ է լինելու իր իսկ որոշմանը: Հասկանալի է, թե այդ հարցը մեզ ինչու է հետաքրքրում: Մյուս կողմից էլ խնդիրը կապված է նրա հետ, որ եվրոպական դատարանը, ընդունելով այդպիսի որոշում, ինչ-որ տեղ թերություն է գտնում Շվեյցարիայի արդարադատություն իրականացնող ոլորտում: Բայց բոլորիս հայտնի է, որ այդ երկիրը մեծ ճանապարհ անցած, բարձր արժեքներ դավանող երկիր է, ուստի շվեյցարացիները նաև իրենք պետք է ապացուցեն իրենց դատական համակարգի, ընդհանրապես իրենց ողջ պետական համակարգի ամբողջականությունը»:

Եվ որպեսզի հնարավորինս ազդեցիկ ներկայություն ունենա Հայաստանն այդ դատավարության ընթացքում, չվարանեց Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանելու համար հրավիրել միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպան Ամալ Քլունիին՝ մտածելով, որ միջազգային մասշտաբի իրավապաշտպանի մասնակցությունն ավելի արդյունավետ կլինի և դատավարության ելքի վրա թերևս ավելի ծանրակշիռ ազդեցություն կունենա: Անկախ դատարանի որոշումից՝ պետք է ընդգծել, որ անգամ նման գործում Հայաստանի այն ժամանակվա՝ Նիկոլի ասած՝ նախկին իշխանություններն անմասն չմնացին՝ հաշվի առնելով, որ միջազգային դատարանում ըստ էության Հայաստանի վարկանիշն էր որոշվելու, այն, թե Հայաստանն ընդհանրապես աշխարհաքաղաքական հարթակում ինչ ներկայություն ունի, որքանով է իրեն դիրքավորում որպես սուբյեկտ:

Սա այսօրվա իշխանությունների չսիրած նախկինների վարքն էր, և այն ժամանակ Հայաստանի անունը շատ երկրներում էր շոշափվում ու թերևս նաև այդ դատավարության շնորհիվ հետագայում Հայոց Ցեղասպանությունը քրեականացնող նախագծերի մշակման ուղղությամբ մի շարք երկրներում ակտիվ քայլեր ձեռնարկվեցին, մասնավորապես Ֆրանսիայում:

Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ բնակության երկրից, պետք է ամոթից գետինը մտնի, քանի որ իր երկրի կարկառուն ներկայացուցիչները պատանդի կարգավիճակով ու կյանքի սպառնալիքով ադրբեջանական բանտերում գուցեև կտտանքների են ենթարկվում, իսկ ՀՀ իշխանությունը, պետությունը բացարձակ ոչինչ չի անում իր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ աշխարհին ներկայանալով որբի կարգավիճակով:

Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ տարբեր մեխանիզմներով բարձրաձայնվի այդ պատանդների արդար դատաքննության իրավունքի խախտման մասին, ու, քանի որ հայ ռազմագերիների առնչությամբ նման գործընթացներ արդեն իսկ նախաձեռնվել են և ընթացքի մեջ են, ուստի նման գործընթացներ անհրաժեշտ է նախաձեռնել նաև ԼՂ ձերբակալված ռազմաքաղաքական գործիչների վերջին դրվագներով. «Ձերբակալվել են մարդիկ, ովքեր խորհրդանշել են Արցախի պետականությունը և աչքի են ընկել հայանպաստ գործունեությամբ։ Մյուս կողմից անգամ դժվարությունների պայմաններում նրանք ոգեշնչել են արցախցիներին և պայքարել հանուն ինքնորոշման։ Եվ այստեղ ակնհայտ է, որ մենք գործ ունենք վրեժխնդրության հետ և քաղաքական դրդապատճառներով տվյալ անձինք ենթարկվում են հալածանքների։ Ակնհայտ է, որ հայատյացության պայմաններում, այս անձանց դերով պայմանավորված, բավականին մեծ են մարդու իրավունքների խախտման ռիսկերը և նրանց ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին սպառնալիք կարող է ներկայացվել՝ անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչպիսի հավաստիացումներ է տալիս։ Ադրբեջանը բազմիցս խախտել է համաձայնությունները, այդ թվում գրավոր։ Մենք առայսօր ունենք չհայրենադարձված ռազմագերիներ, ինչը հավելյալ վկայություն է, որ մարդասիրական խնդիրները լուծում չեն ստանում և այստեղ ընդամենը կան քաղաքական պրոցեսներ»։

Իրավապաշտպանի հավաստմամբ՝ միջազգայնորեն գործում են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող կառույցներ՝ ՄԱԿ-ի դատարան, ՄԻԵԴ։ Շուրջ մեկ տասնյակ հնարավոր հայցերի հավանականություն կա, այսինքն՝ գործնականորեն կարելի է իրավական ճանապարհով հասնել նախ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և, ինչու չէ, նաև դիվանագիտական աշխատանքի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ըստ իրավապաշտպանի՝ ամենագործուն ճնշման եղանակը թերևս պատժամիջոցներն են։ Նա դրական է գնահատում, որ գոնե հիմա, այսքան հանցագործություններից հետո հասունանում է այն թեզը, որ Ադրբեջանի գործողությունները պետք է սանկցավորվեն ու թիրախավորված պատժամիջոցներ պետք է կիրառվեն որոշակի թվով պաշտոնյաների նկատմամբ։

Նրա խոսքով՝ մեծ կարևորություն ունի նաև միջազգային իրավապաշտպան կառույցների ներգրավվածությունը, որոնք վերահսկման գործիքներ ունեն և կարող են առանձին դիտորդական հանձնառություններ իրականացնել Ադրբեջանում՝ տարբեր զեկույցներ ներկայացնելով իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Որոշակի նշանակություն կարող են ունենալ նաև պայմանավորվածությունները։ Ակնհայտ է, որ այստեղ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչների ձերբակալությունները եղել են քաղաքական պատճառներով, ուստի պետք չէ բացառել, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակում, նաև միջազգային ճնշման ներքո, կներառվեն դրույթներ համաներումների առնչությամբ, որոնք կտարածվեն այս պահին Բաքվում պահվող հայերի նկատմամբ։

Բայց ՀՀ իշխանությունների անգործության պայմաններում իրավապաշտպանի խոսքերը որպես բարեմաղթանքներ են հնչում:

Թագուհի Ասլանյան