Քերոբյանն իր գործընկերոջ հետ քննարկել է հայ-կորեական համագործակցության հեռանկարային ուղղությունները

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ մետալուրգիա, հանքարդյունաբերություն, արևային և վերականգնվող էներգետիկա, կանաչ տնտեսություն, ինչպես նաև արդյունաբերական պարկերի կառուցում։

Ներկայացնելով Գյումրու «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է կորեական կողմին դիտարկել այդ նախագծում կորեական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Նախարարը ներկայացրել է նաև R&D նորարարական գրասենյակների հիմնադրման համար Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանները։

Տեղեկանալով գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերի մասին՝ պատվիրակության անդամները հնարավոր են համարել արդյունավետ համագործակցություն ծավալել նաև այդ ուղղությամբ։