Ինչպե՞ս է ՀՀ–ն վճարելու մի քանի հարյուր միլիոն եվրոն. «Լe Monde»–ը` ֆրանսիական զենքի մասին

Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյուր միլիոն եվրո կազմել: Այս մասին գրում է ֆրանսիական «Լe Monde» թերթը՝ նշելով, որ ֆրանսիական աջակցությունը ներառում է ռադարների և զենիթային հրթիռների վաճառք, ինչպես նաև ուսուցում:

«Դրանք զենքի մատակարարումներ չեն, ինչպես Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության դեպքում, այլ պայմանագրեր, որոնց գումարը կարող է կազմել մի քանի հարյուր միլիոն եվրո։ Բայց թե ինչպես է Երևանը վճարելու դրանց համար, դեռ հայտնի չէ», – նշում է թերթը։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։

Բարդ և անկանխատեսելի է. վերլուծաբանը` ֆրանսիական զենքը ՀՀ բերելու լոգիստիկ խնդիրների մասին։

Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հաջորդ օրը հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Նրա խոսքով` ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։