Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքը. Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։ Մարուքյանը X-ի իր էջում հերթական անգամ նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ֆարսի ժանրից է և ծաղր է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ։

«Ինչպես ես նախկինում հայտարարել էի, Ադրբեջանում բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, իրենցից ֆարսի ժանր և ծաղր են ներկայացնում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ, հանդիսանում են բոլոր համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի խախտում այն պարտականությունների համատեքստում, որոնք Ադրբեջանը իր վրա վերցրել է։

Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալայի դեպքերին և ներողություն է խնդրել հայերենով, բառացիորեն ասելով, որ ինքն այնտեղ չի եղել։ «Ես այնտեղ չեմ եղել, ես ներողություն եմ խնդրում բոլորից, ես այնտեղ չեմ եղել»։ Սակայն թարգմանիչը փոխանցել է, թե Խաչատրյանը ներողություն է խնդրել Ադրբեջանի ժողովրդից հայերի կողմից իրականացված բոլոր միջադեպերի համար՝ սխալ ներկայացնելով Վագիֆ Խաչատրյանի խոսքերը։

Ակնհայտ է, որ ադրբեջանական ռեժիմի ներքո չի կարող արդար դատավարություն իրականացվել, դրա համար նրանք պարտավոր են անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից»,- գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Բաքուն նրան մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալա գյուղում «ցեղասպանության» իրականացման համար։ Շինծու գործով 59 «տուժող» են գտել, որոնք իբր ճանաչել են Վագիֆ Խաչատրյանին։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։