Սիրում եմ էլի արդար մարդկանց և որոշումները․ արցախցին անդրադարձել է կառավարության որոշմանը

Արցախցի Տաթևիկ Խաչատրյանը գրում է․

«Մեր սիրելի ՀՀ կառավարությունը որոշել է, որ պետք է 50-հազարական դրամ ստանան ՀՀ-ում բնակարաններ և տներ ունեցողները, սակայն նրանք, ովքեր, շատ բաներից զրկվելով և զրկելով սեփական երեխաներին, 2 կոպեկ էին առանձնացրել` ով երեխայի կրթության համար, ով վիրահատության, ով թույլ հույսի, որ կհաջողի մի օր գոնե հիփոթեքի նախնական գումար վճարել, չեն ստանա։ Որովհետև մեր հոգատար կառավարությունը համապատասխան օրենքի ընդունումով ձեռքերը երկարացրել է բանկային գաղտնիքների վրա և հորդորում է ունեցած խնայողություններն էլ ծախսել, որպեսզի բռնատեղահանվածները լինեն կատարյալ բոմժի կարգավիճակով` չունենալով անգամ սեփական կատու…

Բայց ովքեր ունեն բնակարաններ, կառավարության կարծիքով, նրանք ավելի խոցելի են, քան 300 հազար դրամ վարձ տվողները, ուստի առաջնահերթ նրանք պիտի օգտվեն պետական աջակցության ծրագրերից։

Սիրելի՛ օրվա իշխանություններ, շնորհակալ եմ, որ եղբորս զոհվելուց հետո 1000+ հիմնադրամի կողմից իր ընտանիքին տրված 10 միլիոն դրամի տեղը մայրիկիցս լավ գիտեք։ Ափսոս, նա չկարողացավ էն ամենախոցելի ասաբնյակատերերի պես մի տուն ձեռք բերել Երևանի կենտրոնում կամ դրանից էլ ավելի ապահով հեռվաստաններում, այլ նախընտրեց գումարի մի մասը ծախսել` Ստեփանակերտի իմ հայրական տունը վերանորոգելու ու կահավորելու վրա, որ մյուս որդուն ամուսնացնի և ավելի խորը արմատներ տա հողին… Դէ գումարի էն մնացած մասի տեղն էլ դուք հուշեցիք, բարեհոգի մե՛ր կառավարություն։ Նա էլ կծախսի ու կմնա կոտրած տաշտակի առաջ, բայց երջանիկ, չէ՞ որ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք երջանիկ Հայաստանում։

Նաև շնորհակալ եմ ձեր բարձր կոմպետենտության համար` Արցախի պետաշխատողների աշխատավարձերի մասով։ Այո՛, Դուք միանգամայն իրավացի եք, ի՞նչ կապ ունեք 120 հազար ՀՀ անձնագիր ունեցողների հետ, որ մի հատ էլ նեղություն քաշեք մեկնաբանել այդ ամենևին ձեզ չվերաբերող անկարևոր հարցը։ Մեզ մեր աշխատանքի դիմաց կարիք չկա վճարել, քավ լիցի, դուք արդեն իսկ անում եք ձեզնից կախված ԱՄԵՆ֊ԱՄԵ՜Ն ինչ։

Մեր բարձր բարոյական չափանիշներով փոխվարչապետին եմ շնորհակալ, քանի որ ընդգծեց 3 միլիարդ դրամ` սննդի և կենցաղային պարագաների համար հատկացված գումարի մասին։ Եւ կապ չունի, որ դրանք չեն հասել հասցեատերերին, կարևորը, որ գումարը պետբյուջեից դուրս եք գրել։

Երանի մեզ, որ Ձեզ ունենք, կեցցե՛ք, որ ամեն ինչ անում եք, որ արցախահայությունը հանկարծ չարտագաղթի, այլ մնա և հաստատվի իր Հայրենիքում` Ձեր բարձր հովանու և հոգածության ներքո»։