Նազելի Բաղդասարյանը՝ բռնի տեղահանվածների 100-հազարական դրամների վճարումը դադարեցնելու մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծին՝ 114-ին, առավոտից ստացվել են զանգեր, ըստ որոնց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100-հազարական դրամների վճարումը դադարեցվել է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ըստ վարչապետի մամուլի քարտուղարի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 95 հազար անձի գումարները վճարվել են, մյուսների դիմումներն այս պահին մշակման և ուսումնասիրման փուլում են, այդ թվում՝ անչափահասների դիմումները:

«Այնպես որ, խուճապի մատնվել պետք չէ, գործընթացը շարունակական բնույթ է կրում, և հետագա վճարումները նույնպես կիրականացվեն: Առաջիկա օրերին էլ նախատեսվում են բնակարանների վարձավճարների և կոմունալ վճարների հետ կապված փոխանցումները»,- ասաց նա, ապա անդրադառնալով թեմայի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններին՝ հավելեց. «Տրամաբանորեն, եթե 95 հազարին վճարվել է, մնացած մարդկանց դիմումները մշակման փուլում են, այնպես որ, անհարկի խուճապ պետք չէ տարածել»: