Իրանը դատի կտա իսրայելցի պաշտոնյաներին «մարդկության դեմ հանցագործությունների» համար

Իրանի Մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի ղեկավար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իսրայելի պաշտոնյաների դեմ դատական ​​հայց կներկայացվի նրանց երկարամյա հանցագործությունների համար, գրում է Mehr-ը։

Ղարիբաբադին ասել է, որ քրեական մեղադրանքներ կներկայացվեն Իսրայելի պաշտոնյաներին «մարդկության դեմ կատարած հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ցեղասպանական և այլ թշնամական գործողությունների համար»:

«Կհարուցվեն նաև այլ գործեր Իրանի ժողովրդի դեմ այս ռեժիմի պաշտոնյաների կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ, ինչպիսիք են գիտնականների սպանությունները և այլ ահաբեկչական գործողություններն ու դիվերսիաները», – հավելել է նա:

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ օտարերկրյա դատարաններում Պաղեստինին աջակցող անկախ փաստաբանների կողմից Իսրայելի դեմ ներկայացված բողոքների վերանայումը ևս մեկ գործունեություն է, որն իրականացվում է տարբեր երկրներում։

Նա նաև ընդգծել է «իսրայելական ռեժիմի հանցագործությունները փաստագրելու համար» իրավաբանական կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը։