Տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը Վրաստանի կառավարությունը նախապատրաստվում է, իսկ ինչ է անում Նիկոլի իշխանությունը

Երևանը նույնիսկ թշնամու կողմից սովորական զենքի կիրառմանը նախապատրաստված չէ

 

Վրաստանի կառավարությունը, Lenta.Ruի փոխանցմամբ , միջոցներ է ձեռնարկում տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու համար: Այսպիսի սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել հանրապետության պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին:

Նրա խոսքով՝ «Թբիլիսիում հատուկ պլան են մշակել միջուկային պատերազմի դեպքում», որտեղ քայլեր են նախատեսված յուրաքանչյուր վրացական գերատեսչության համար:

«Հատուկ պլան» ասելով, Վրաստանի ՊԱԾ ղեկավարը նկատի ունի տարածաշրջանում միջուկային զենքի կիրառման դեպքում յուրաքանչյուր պետական գերատեսչության անելիքը նախապես որոշելը կամ հստակեցնելը, նրանց փոխգործակցությունը կանոնակարգելը, տարածքի հնարավոր ռադիոակտիվ աղտոտվածությունը ժամանակին հայտնաբերելը և տեղորոշելը, բնակչության՝ շրջակա միջավայրի հնարավոր ռադիոակտիվ աղտոտվածության ազդեցությանը ենթարկվելու դեպքում նրանց յոդի միացություն պարունակող դեղորայքի բաժանումը, դրանք ժամանակին ձեռք բերելը, պահեստավորելը և այլն:

Դժվար չէ հասկանալ, որ Գրիգոլ Լիլուաշվիլին հայտարարելով տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառման ու դրան Վրաստանի պատրաստվելու մասին, նկատի ունի Մերձավոր Արևելքում այժմ ընթացող պատերազմում Իսրայելի կողմից Իրանին ներքաշելու կամ Իրանի ներգրավման դեպքում Իսրայելի, բացառված չէ, նաև ԱՄՆ- ի կողմից միջուկային հարվածը (հարվածները) Իրանին:

Մյուս հնարավոր տարբերակը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման և Ռուսաստանի, ՀԱՊԿ- ի միջամտությունից անմիջապես հետո պատերազմում Թուրքիայի ներգրավման դեպքում ՌԴ-ի, ՀԱՊԿ- ի կողմից մարտավարական միջուկային զենքով հարվածներն են Թուրքիայի ռազմավարական նշանակության օբյեկտներին:

Տարածաշրջանի առումով վերոնշյալ երկուսից բացի, այլ տարբերակ պարզապես գոյություն չունի:

Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ տարածաշրջանում միջուկային զենքի կիրառման իրական վտանգի պարագայում ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղված Նիկոլի գլխավորած ու, Վրաստանի համեմատ, Իրանին ավելի մոտ գտնվող Հայաստանի կառավարությունը…

Վստահաբար կարող ենք ասել, որ ոչինչ էլ չի անում, ընդ որում, ոչ միայն այն հիմնավորմամբ, որ այս կապակցությամբ թե՛ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, թե՛ «Ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի (իրականում՝ թշնամու անվտանգության ծառայություն) տնօրենի կամ Հայաստանի որևէ այլ պաշտոնյայի կողմից չի եղել տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու, համապատասխան միջոցներ ձեռնարկելու որևէ հայտարարություն:

Երկրորդ հիմնավորումն այն է, որ արտաքին ու ներքին թշնամիների տիրապետության ներքո գտնվող Հայաստանի կառավարությունը գրեթե ոչինչ կամ ոչինչ չի արել Ադրբեջանի կողմից անգամ մայրաքաղաք Երևանին նույնիսկ սովորական սպառազինությամբ հնարավոր հարվածներին նախապատրաստվելու համար:

Վերոնշյալի առումով, ըստ էության, ձեռնարկված չեն համապատասխան միջոցներ, բնակչության մի ահագին մասը չգիտի, թե Երևանի հնարավոր հրթիռակոծության կամ ռմբակոծության դեպքում որտեղ է թաքնվելու, պատսպարվելու, որտեղ են գտնվում իր տարածքի ռմբապաստարանները, մյուս մասն էլ, թեև տեղեկացված է, բայց նշված են իրականում գոյություն չունեցող ռմբապաստարանների հասցեներ, բնակելի շենքերի նկուղներ, որտեղ տասնամյակների գարշահոտ աղբ և ավերակներ են, որոշ դեպքերում էլ նկուղներն առաջին հարկերի բնակիչների կողմից ինքնակամ սեփականաշնորհված, կտրատված ու կողպված են:

Ներկայիս հույժ վտանգավոր իրավիճակում Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի գլխավորած իշխանությունը ինչ է անում, ինչո՞վ է զբաղված… Չգիտե՞ք… Շուրջ 250 000 դոլար են ծախսել Երևանի քաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը շքեղորեն կազմակերպելու համար, և իրականությունն անտեսելով, այսպես հանցավոր կերպով էլ շարունակում են պաշտոնավարել:

 

Արթուր Հովհաննիսյան