Ովքե՞ր են ուղղորդել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դեմ ակցիան

Այսօր կեսօրից  մի խումբ արցախցիներ հավաքվել էին  ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության առջև, որտեղ այդ պահին գտնվում էր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես նաև Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։ Շենքի մոտ հավաքվածները մեղադրում էին Արցախի ղեկավարությանը՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու, Հայաստանում արցախցիների խնդիրները բարձիթողի անելու և նրանց կացության ու ապրելու հարցերը աչքաթող անելու մեջ։ Բողոքավորներին չգոհացրեց անգամ նրանց ընդառաջ դուրս եկած Սամվել Շահամանյանի հավաստիացումներն ու հանդարտվելու կոչերը, ինչն ակամա մտածելու տեղիք է տալիս, որ այդ մարդիկ Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվել էին ոչ թե իրենց հարցերի պատասխաններն ստանալու, այլ Արցախի ղեկավարության հանդեպ անվստահություն առաջացնելու, իրավիճակը հնարավորինս ապակայունացնելու և Արցախի ներկայիս ղեկավարությանը պետականությունը լուծարելու համար պատասխանավության ենթարկելու կոչեր անողների ջրաղացին ջուր լցնելու նպատակով։ Հավաքվածների հնչեցրած պահանջներից ու խոսույթից առավել քան ակնհայտ էր բողոքի ակցիայի ուղղորդված լինելը, քանի որ նրանք գոհունակություն էին հայտնում ՀՀ իշխանություններից, որոնք իբրև իրենց ընդառաջել են, օգնել, իսկ ահա Արցախի իշխանություններին նիկոլական ձևաչափով մեղադրում էին իրենց դղյակներում, շքեղ տներում ու հյուրանոցներում կյանքը վայելելու մեջ, մինչդեռ իրենք իրենց մեքենաներում են քնում։

Հավաքված արցախցիներից մեկը լրագրողի հետ խոսելիս ասաց, որ շատ գոհ է ՀՀ իշխանությունից և գիտե՞ք ինչու․․․ որովհետև իրենք մեծահոգի են գտնվել և թույլ են տվել, որ բռնի տեղահանվածները ապաստան գտնեն Հայաստանի Հանրապետության տարածքում․ «Ես այնքան գոհ եմ, որ բոլորիս ընդունել են, չեն ասել՝ գնացեք, ինչ ուզում եք արեք, կոտորվեցեք, ես ձեզ չեմ ընդունում: Ես այնքան գոհ եմ այս ղեկավարությունից, որ մեզ ամեն ձևով ընդունել են, ամեն ձևի հարգել են, ոնց պետք է՝ արել են:

Ո՞ւր են գեներալները, ինչու այստեղ չեն: Ես հատ-հատ անուններ չեմ տալիս, իրենք լավ գիտեն, ովքեր պետք է լինեն այստեղ: Թեկուզ կռվի ժամանակ խի՞ չի մի գեներալ եղել կողքս կանգնած: Տարան ջահել տղերքին կոտորեցին, թեկուզ 44-օրյա պատերազմում, թեկուզ սեպտեմբերի 19-ին: Իրենք շուտ իրենց վեշերը հավաքել են ու եկել էստեղ: Իրենց կանանց շուտ ուղարկել են, մեզ էլ վերջին օրով ասել՝ մի նասկի հագեք, հելեք, գնացեք, Հայաստանն ընդունելու է»:

Ծանոթ խոսույթ է, այնպես չէ՞, որ 2018 թվականին թույլ տվեցին այս պատուհասը ներխուժի մեր երկիր և օկուպացնի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Միայն Նիկոլ Փաշինյանը կարող է մարդկանց խաբելու և մանիպուլացնելու համար գեներալներին հասարակ զինվորի կողքին պատրազմի ժամանակ կանգնելու պարտավորություն վերագրի, մեղադրի զինվորին լքելու մեջ։ Իսկ Արցախի ղեկավարության առևանգումը ադրբեջանցիների կողմից հաշիվ չէ՞, որ այդ մարդիկ, ըստ էության, զոհաբերեցին իրենց կյանքը։

Մինչդեռ Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված բողոքավորներից որևէ մեկը չհիշատակեց Փաշինյանի՝ Պրահայում, այնուհետև Գրանադայում ի լուր աշխարհի արված հայտարարությունն այն մասին, թե ինքը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի անքակտելի մաս, և ըստ էության այսօր տնավեր արցախցիների դժբախտության միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Սամվել Շահրամանյանը, որը, ի դեպ, այսօր բողոքի ակցիայի մասնակիցներին ընդառաջ դուրս գալով՝ հավասիացրեց, թե «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել: Այդ փաստաթղթի հետ կապված շատ հարցեր կան, որը բացեիբաց հնարավոր չէ բարձրաձայնել։ Արցախի նախագահի պնդմամբ՝ ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը․ «Սրա պատասխանը ես հանրային ձևով տալու եմ Հանրային հեռուստատեսությամբ: Դրա նախապատրաստման մասով ես արդեն իմ ցուցումը տվել եմ: Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ: Եվ այդ փաստաթղթին, և այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունները կանգնել են, և գիտեք՝ որտեղ են կանգնել: Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմանայինք, որ կարող ենք հաղթել այդ ռազմական գործողություններում, մենք մինչև վերջ չէինք կանգնելու: Մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված է եղել: Մեկ ժամ հետո կմտնեին քաղաք, կին ու երեխա կփրթեին»,- հայտարարեց Շահրամանյանը:

Այնինչ, նկատենք, որ այդպիսի սպառնալիքի առկայութամբ այսօր Նիկոլ Փաշինյանը և իր արբանյակները քննարկումներ են անում արցախցիներին հայրենի տներ վերադարձնելու համար՝ դեպի թշնամու որջը։ Երևի դեռ նրանց արյունոտ երախը չի հագեցել արցախցիների արյուններով ու մարմիններով։ Այդ վիճակում վայրագ ու հայի հանդեպ անասելի ատելությամբ լցված ոսոխին հանձնած (ու հենց Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնած) Արցախ ոտք դրած ամեն հայի կյանքը վտանգված է, ու հենց այդ ռիսկը գնահատելով է թերևս հայերին այնտեղից առժամանակ դուրս բերելու քայլ արվել, որովհետև Փաշինյանը երբեք էլ հետևողական չէր լինելու այսպես կոչված միջազգային մեխանիզմների գործարկման հարցում, ինչը կերաշխավորեր Արցախի հայաբնակ տարածքներում հայ բնակչության անվտանգ գոյությունը։

Ակամա հարց է ծագում՝ կառավարության շենքի կամ կառավարական ամառանոցների մոտ հավաքվելու և Արցախը իրական հանձնողի առաջ պահանջներ դնելու փոխարեն ինչո՞ւ են Արցախից մի խումբ տեղահանվածներ հավաքվել Հայաստանում Արցախի ներկայացուցչության առաջ ու Սամվել Շահրամարյանին երկիրը թշնամուն տալու հարցում մեղավոր կարգում։ Իրենք առյուծի կա՞թ են խմում, որ այդքան համարձակություն ունենային ու իրենց երեխաների հետ շարունակեին ապրել վայրագ ադրբեջանցու կողքին, ինչի մասին անընդհատ պնդում է Փաշինյանը։ Ի վերջո Արցախի ղեկավարությունն էլ է դարձել տնավեր, կորցրել իր հայրենիքում ապրելու իրավունքը, կորցրել ունեցվածք։ Իսկ Արցախի նախկին ղեկավարները, որոնց ևս ակցիայի մասնակիցները մեղադրում էին երկիրը թալանելու, դղյակներ կառուցելու ու հասարակ ժողովրդի խնդիրներից անմասն կյանքը վայելելու մեջ, այսօր գտնվում են Բաքվի բանտում ու նրանց ճակատագիրն անորոշ է։

ՀՀ իշխանությունները փաստորեն չեն հանգստանում այդպես էլ և հիմա էլ քայլեր են ձեռնարկում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության տապանաքարը դնելու և Արցախի էջը վերջնականապես փակելու համար։

Թագուհի Ասլանյան