Առևանգելով մեր հայրենակիցներին, Արցախի ռազմաքաղաքական գործիչներին՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր կեղծ թեզերը․ Արման Թաթոյան

Ադրբեջանն այս պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարել և ապօրինաբար ազատությունից զրկել, առևանգել է մեր մի շարք հայրենակիցների։ Խոսքն ինչպես սովորական անհատների, որոնք պաշտոն չունեն և նախկինում էլ չեն ունեցել, այնպես էլ՝ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների, նախկին և գործող պաշտոնյաների մասին է։ Այս բոլոր հետապնդումներով Ադրբեջանը լեգիտիմացնում է իր քաղաքական թեզերը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

«Այդ մարդիկ անհրաժեշտ են նրանց՝ իրենց քաղաքական թեզերը լեգիտիմացնելու համար։ Իրենք պնդում են, որ ահաբեկչական կազմակերպություն է, այնտեղ «ահաբեկիչներ» են, «սեպարատիստներ» են և իրենց դեմ «հակաահաբեկչական գործողություններ» են անում»,- նշեց Թաթոյանը՝ արձանագրելով, որ գերիներից խոշտանգումներով ցուցմունքներ են կորզելու, որ ապացուցեն իրենց կեղծ թեզերը։
Իրական փաստերը, սակայն, ապացուցում են, որ Ադրբեջանը թիրախավորել է հենց խաղաղ բնակչությանը, ֆաշիստական քաղաքականություն է տանում։ Թաթոյանի խոսքով՝ միջազգային կառույցներն իրավունք չունեն իրենց խոսքով, գործերով լեգիտիմացնել այն անօրինական հետապնդումները, որ ադրբեջանական իշխանությունները տանում են, քանի որ Ադրբեջանը դրանով մաքրում է իրեն, իր պատերազմական հանցանքները, լեգիտիմացնում քաղաքական թեզերը։

Բացի այդ, այս պատանդառությունների նպատակը նաև հայ ժողովրդի դիմադրողականությունը կոտրելն է, նվաստացնելը, ցույց տալ, որ, եթե որևէ մեկը փորձի պայքարել, նույն իրավիճակում կհայտնվի։

«Պարզ օրինակ՝ Վագիֆ Խաչատրյանը՝ 68 տարեկան մարդ։ Նստացնում են իրենց դատական նիստերի դահլիճում փակ պայմաններում, ինչը միջազգային չափանիշներին չի համապատասխանում։ Մի հատ էլ խցից ներս 68 տարեկան մարդու մոտ կանգնեցնում չորս ոստիկան՝ զինված։ Ի՞նչ էր անելու այդ մարդը՝ դուրս էր գալու բոլորիդ սպանե՞ր»,- նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցներին ներկայացվել է օրիգինալ տեղեկանք, որի համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանը եղել է վարորդ՝ գյուղատնտեսական կազմակերպությունում, որևէ կապ չունի պատերազմական գործողությունների հետ։

Ավելին, ադրբեջանցիների կողմից տարածվող լուսանկարը՝ իբրև Խաչատրյանի կողմից սպանություն կատարելու, ևս կեղծ է, Թաթոյանը հայտնեց, որ նույնականացրել են և իրականում սպանողն ադրբեջանցի է։