Դատախազը պահանջում է Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով

Դատախազը պահանջում է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով, հայտնում է «Փաստինֆո»-ն։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Արմեն Չարչյանի գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրական ճառով է հանդես եկել դատախազը։

Ինչպես հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ մեղադրողը միջնորդել է Արմեն Չարչյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է նոյեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։

Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը, և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։

Քրեական գործն այժմ գտնվում է դատավոր Վահե Միսակյանի վարույթում։