ԼՂ-ից Հայաստան տեղափոխված տասնյակ մարմիններ խոշտանգված են. ՄԻՊ

Սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական ագրեսիայից հետո հայտնաբերված և Հայաստան բերված Լեռնային Ղարաբաղի տասնյակ բնակիչների դիակներին առկա են խոշտանգումների և մարմնական վնասվածքների հետքեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք»,- ասել է ՄԻՊ-ը՝ նշելով, որ այս մասին տեղեկացրել է միջազգային բոլոր գործընկերներին:

Նա հատկապես ընդգծեց Ադրբեջանում էթնիկ հայերի իրավունքների ոտնահարման փաստը, ինչի մասին են վկայում զոհերի մարմինների վրա խոշտանգումների հետքերը։

«Ստացված տվյալները արտացոլված են նախնական զեկույցում, որը ներկայացվել է Հաագայի դատարանում, ինչպես նաև փոխանցվել բանավոր՝ դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ։ Զեկույցն ունի փակ մաս, պարունակում է անձնական տվյալներ»,- հավելել է ՄԻՊ-ը։