Իրանը կշռադատված և պատասխանատու դիրք է գրավել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտությունում. Լավրով

Ռուսաստանը և Թուրքիան կապ են պահպանում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ կապված, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Փհենյանում նրան խնդրել են մեկնաբանել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում Թուրքիայի երաշխավոր երկրների համակարգ ստեղծելու նախաձեռնությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկություն։ Այդ նախաձեռնությունը թելադրված է դեէսկալացիայի հասնելու, իրավիճակը կարգավորելու ձգտմամբ։ Մենք, իհարկե, կցանկանայինք մեր թուրք գործընկերներից լսել, թե կոնկրետ ինչ նկատի ունեն»,- ասել է Լավրովը։

«Կողմ ենք, որպեսզի ցանկացած մոտեցում հիմնվի կողմերի շահերի հավասարակշռության վրա, այլ ոչ թե ինչ-որ մեկի շահերը մյուսներին պարտադրելու։ Ինձ թվում է՝ թուրքական նախաձեռնությունը թելադրված է նման հավասարակշռության ապահովմամբ։ Պատրաստ կլինենք համագործակցել»,- ավելացրել է նախարարը։

«Ես ելնում եմ այն բանից, որ շարունակվեն շահագրգիռ կողմերի խորհրդակցությունները։ Եգիպտոսը նախաձեռնություն է ցուցաբերում։ Դե, մենք բոլորս ցանկանում ենք տեսնել դեէսկալացիա Գազայի հատվածում։ Առաջիկա օրերին կլինեն շփումներ, որոնց ընթացքում հասկանալի կդառնա, թե որքանով է իրատեսական ակնկալել դա»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «իրական մեխանիզմ կարող էր լինել ՄԱԿ ԱԽ որոշումը՝ ցանկացած բռնի գործողություն դադարեցնելու և հումանիտար խնդիրների լուծման կոչով՝ հաշվի առնելով այն իսկական աղետը, որը սպառնում է Գազայի հատվածին և այնտեղ ապրող միլիոնավոր մարդկանց»։

«Բայց, ցավոք,  այդ բանաձևը չի ընդունվել։ Չնայած վստահ չեմ, որ եթե այդ բանաձևն ընդունվեր, դադար կհայտարարվեր, կլուծվեին հումանիտար խնդիրները։ Բայց կոչերն էլ չստացվեցին»,- ընդգծել է Լավրովը։

«Ինչ վերաբերում է Գազայի հատվածին, ապա ճգնաժամի՝ համատարածաշրջանային հակամարտության վերածվելու վտանգը բավական լուրջ է»,- ասել է Լավրովը։ «Ամեն ինչ Իրանի վրա բարդելը մենք նկատում ենք և դրանք համարում ենք բավական սադրիչ։ Իրանի ղեկավարությունը, ես կարծում եմ, բավական պատասխանատու դիրք է գրավել և կոչ է անում, որպեսզի թույլ չտրվի, որ հակամարտությունը տարածվի ամբողջ տարածաշրջանում և սահմանակից երկրներում»,- ասել է Լավրովը։