Իմնեմնիմի, как ни крути, միևնույն է, դուք ժողովրդավարությունը վաղուց վերածել եք օլիգարխիայի (փոքրիշխանություն)

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ կրկին խոսեց ժողովրդավարությունից՝ շեշտելով․ «Հիմա տարածված խոսույթ է, որ ժողովրդավարական Հայաստանը անցնում է ծանր փորձությունների միջով և սա ճշմարտություն է: Բայց նույնպիսի ճշմարտություն է այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով: Եվ, այնուամենայնիվ, մեծագույն ճշմարտությունն այն է, որ ժողովրդավարությունն է Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով, ոչ միայն Հայաստանի ժողովրդավարությունը, այլև ժողովրդավարությունն ընդհանրապես, որովհետև Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետևյալ հարցը. իսկ ի վիճակի՞ է արդյոք ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն:

Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու, ես այստեղ եկել եմ պատասխանելու, և իմ պատասխանը «Այո» է աներկբա:

Շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով: Բայց պիտի ընդգծեմ իմ համոզմունքը, որ վերջին տարիներին իրեն բաժին հասած մեծ հաշվով անխուսափելի փորձություններից Հայաստանի Հանրապետությունը պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախություն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»:

Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ Փաշինյանը խոսում է «ժողովրդավար Հայաստանից»։ 2023 թվականի մայիսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին և ելույթի ժամանակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են․․․ որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է և մեր ռազմավարությունը:

Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ «Արևելյան գործընկերության» նախաձեռնությանը և դրա հետ կապված ակնկալիքներին և նշել, որ Հայաստանը ժողովրդավարությունը որդեգրել է որպես ռազմավարություն: «Ժողովրդավարությունը մեր իսկական համոզմունքն է:

Էստեղ են ասել, բոլոր պարերը պարել էինք, մնացել էր Սարի սմբուլը։ Մինչ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակելը Փաշինյանին պետք է հիշեցնել,  թե ինչպես էր մուրճ ու մանգաղով խոսում և ինչ սպառնալիքներ էր հնչեցնում ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, սպառնում պողպատե մանդատով, որի արդյունքը այժմ տեսնում ենք։ Դրա վառ ապացույցն  այսօր քաղաքական, հասարակական գործիչներին, խաղաղ հանրահավաքի մասնակիցներին շինծու քրեական գործերով կալանքի տակ պահելն ու օրըստօրե քաղբանտարկյալների աճող թիվն է։

Համացանցն ու մամուլը ազատ հայտարարելուց առաջ նախկին լրագրողին պետք է հիշեցնել և հարցնել, թե ինչպես և ինչու են սահմանափակել ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության շրջանակը, միայն այն, որ Ազգային ժողովում լրագրողների համար շատ փոքր՝ կալանավայրի խցի չափ տարածք են հատկացրել և այդ տարածքից մի միլիմետր այն կողմ գնալ թույլ չեն տալիս, ապացուցում է՝  ինչ ազատ է մամուլն իր գործունեությունը ծավալում նախկին լրագրողի «ժողովրդավար» Հայաստանում։

Վերոնշյալ անձը ժողովրդավարության մասին վեհ գաղափարներ արտահայտելուց  առաջ իր աչքի առաջ պիտի ունենա այն պատկերը, թե ինչպես էին մեր հարկերից սնվող, իր սիրելի կարմիր բերետավորները 44-օրյա պատերազմում անմահացած մեր հերոսների ծնողներին Եռաբլուրում գետնին տապալում, քաշքշում ու խփում՝ իրենց որդիների շիրիմների առաջ, որ պատկերացնելուց անգամ մարդու մարմնով սարսուռ է անցնում։

Հոկտեմբերի 17-ին, մինչ Նիկոլը ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններ էր անում, նույն պահին «դեմոկրատիկ» Հայաստանում շինծու քրեական գործով դատում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով նիստի ավարտից հետո լրագրողի հարցին՝ ժողովրդավարությամբ հնարավո՞ր է անվտանգություն ապահովել,  պատասխանեց․ «Բոլոր ֆորմատներով հնարավոր է ապահովել, և ժողովրդավարությունը երևի լավագույն ձևն է, բայց ձեր կարծիքով՝ Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է։ Եթե ժողովրդավարությունն այդպիսին է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևէ մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալներ կան, եթե այսօր մեր հայրենիքի մի հատվածի 150 000-ն ուղղակի արտաքսվել է, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»։

Վերոնշյալ մի քանի օրինակի, ՀՀ երրորդ նախագահի  այս հայտարարությամբ կոտրվում են Փաշինյանի ժողովրդավարության մասին բոլոր միֆերը, որոնք նա հնչեցնում է օտարերկրյա արենաներում։

Մի նկատառում ևս․ նկատե՞լ եք, որ ՀՀ ղեկավարը միայն արտասահմանյան այցերի ժամանակ է հիշում դեմոկրատիայի մասին, Հայաստանում բոլոր հարցերը լուծվում են՝ մուրճ-մանգաղ-պողպատ եռամիասնությամբ։

Ինչևէ, որքան էլ փորձեր արվեն Հայաստանը դեմոկրատիայի բնօրրան հռչակել, անգամ եթե հրաշք տեղի ունենա, և Հայաստանը դառնա այդպիսին, միևնույն է, ցանկացած կառավարման ձև վերածվում է օլիգարխիայի՝ փոքրիշխանության, որը Հայաստանում գրեթե 5 տարի գործում է։

Որպես վերջաբան այստեղ կթողնեմ ՀՀ երրորդ նախագահի խոսքերը, մարդ ես, գուցե մի օր հասնի ինչ-որ մեկի ականջին։

«Խնդրելով՝ որևէ մեկը խաղաղություն չի պարգևում և ոչ էլ տարածքային ամբողջականություն, պետության թիվ մեկ խնդիրը միշտ եղել է և մնալու է իր քաղաքացիների անվտանգությունը տարածքային ամբողջականությունը ապահովելը»։ 

Լուսինե Այրապետյան