Չինաստանը և ՌԴ–ն խորացնում են քաղաքական վստահությունը. Սի Ծինփինը` Պուտինի հետ հանդիպմանը

Չինաստանն ու Ռուսաստանն անշեղորեն խորացնում են քաղաքական փոխվստահությունն ու պահպանում սերտ ռազմավարական փոխգործակցությունը։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ։

«Գոհունակությամբ նշում եմ, որ կառավարությունները, տարբեր գերատեսչություններն ու մեր երկրի շրջանները գործադրում են բոլոր ջանքերը իմ և պարոն նախագահի ձեռք բերած պայմանավորվածություններն իրականացնելու համար», – հայտարարել է Սի Ծինփինը։

Նա ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական փոխվստահությունն անշեղորեն խորանում է, իսկ ռազմավարական փոխգործակցությունը շարունակում մնալ սերտ և արդյունավետ։

Ինչպես նշել է Չինաստանի առաջնորդը, Պեկինը պատրաստ է աշխատել Մոսկվայի հետ միջազգային արդարությունը պաշտպանելու, ինչպես նաև ամբողջ աշխարհում բարգավաճմանը նպաստելու համար։

«Չինաստանը պատրաստ է աշխատելու Ռուսաստանի հետ, որպեսզի, հստակ գիտակցելով ընդհանուր պատմական միտումը, համաշխարհային զարգացմանը հետևելով և մշտապես հիմնվելով երկու երկրների ժողովուրդների արմատական շահերի վրա, անշեղորեն հարստացնի երկկողմ համագործակցությունը նոր բովանդակությամբ, լինի խոշոր երկրների պատասխանատվության մարմնավորումը, որպեսզի նպաստի երկու երկրների զարգացմանն ու վերածննդին, պաշտպանի միջազգային արդարությունն ու անաչառությունը, ինչպես նաև նպաստի աշխարհի ընդհանուր զարգացմանը», – հայտարարել է Սի Ծինփինը։

Անդրադառնալով տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններին` նա նկատել է, որ Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը պատմական ռեկորդի է հասել։

«Երկկողմ ապրանքաշրջանառությունը ռեկորդային մակարդակի է հասել և անշեղորեն մոտենում է մեր սահմանած նպատակին` 200 մլրդ դոլարին», – ասել է Չինաստանի առաջնորդը։

Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի երեք եռամսյակների արդյունքներով աճել է 29,5%–ով և կազմել շուրջ 176,4 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա անցով Չինաստան է ժամանել հոկտեմբերի 17-ին։