Պաղեստինում հայտարարել են, որ վիրավորների բուժման հնարավորությունները կավարտվեն մի քանի ժամից

Գազայի հատվածում վիրավորների բուժման հնարավորությունները կավարտվեն մի քանի ժամից։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է անկլավում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան։

«Տուժածների հոսքը գերազանցել է բժշկական թիմերի և շտապ օգնության մեքենաների հնարավորությունները։ Մի քանի ժամից մենք կհայտարարենք բուժման հնարավորությունների սպառման մասին»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ մեծ թվով մարդիկ դեռ սպասում են վիրահատությունների, որոնք կատարվում են գետնին և միջանցքներում, դրանցից ոմանք՝ առանց անզգայացման:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցը երեկ՝ հոկտեմբերի 17-ին,  հարձակման է ենթարկվել։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ զոհվել է ավելի քան 500 մարդ, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Պաղեստինի ԱԳՆ-ը հայտարարել է, որ հարվածը հասցրել են իսրայելական ինքնաթիռները, իսկ Իսրայելի բանակը հայտարարել է՝  հիվանդանոցին հարվածել են հրթիռով, որն անհաջող կերպով արձակել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը: