Եվրոպական խորհուրդը պահպանել է Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրոպական խորհուրդը որոշել է, որ չի վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները հոկտեմբերի 18-ից հետո, ինչպես նախատեսված էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարությունում։

«Խորհուրդը որոշել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ զենքի չտարածման ռեժիմի շրջանակներում Իրանի դեմ սահմանափակող միջոցները պահպանելու համար։ Խորհրդի կարծիքով՝ այս սահմանափակումները չեղարկելուց զերծ մնալու համոզիչ պատճառներ կան», – նշված է հայտարարությունում:

Պատժամիջոցները սահմանվել էին ՄԱԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք «ընդգրկված էին միջուկային կամ բալիստիկ հրթիռների հետ կապված գործողություններում կամ կապված էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ»։ Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպական խորհուրդը որոշել է պահպանել գործող պատժամիջոցները, հատկապես նրանք, որոնք առնչվում են Իրանի կողմից միջուկային զենքի տարածմանը, ինչպես նաև զենքերի և հրթիռների հետ կապված էմբարգոյին։

«Այս քայլերը չեն նախատեսում Իրանի նկատմամբ Եվրամիության լրացուցիչ պատժամիջոցների սահմանում։ Ավելին, ԵՄ բոլոր պատժամիջոցները, որոնք արդեն չեղարկվել էին ԳՀՀԾ-ի շրջանակներում, մնում են չեղարկված», – ընդգծել են Եվրոպական խորհրդում։