Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

Ըստ աղբյյուրի՝ Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Տղամարդը հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։

«Այնտեղ ապրող ադրբեջանցիները ինձ մտերիմ էին, ես բոլորին ճանաչում էի։ Կռվի ժամանակ ես ոչ մի գործողության չեմ մասնակցել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 68-ամյա տղամարդն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում:

Այդ ժամանակվանից Խաչատրյանն ապօրինի կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Նրան ներկայացվել են «ցեղասպանության» (չակերտները` խմբ․) մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել 20 տարվա ազատազրկման կամ ցմահ ազատազրկման:
Նրա առաջին դատական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին:

Նշենք, որ Խաչատրյանի դեմ հարուցված կեղծ քրեական գործի դատավարության ժամանակ նրա փաստաբանը միջնորդել է ազատել իրեն հանձնառությունից՝ պատճառաբանելով, թե շաքարային դիաբետով է տառապում և արտերկում բուժման կարիք ունի։ Խաչատրյանը չի առարկել այդ միջնորդությանը, ինչից հետո դատավորը նոր փաստաբան է նշանակել Ռադմիլա Աբդուլովային։