Չինաստանը կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդի՝ իր ազգային իրավունքները պաշտպանելու արդար գործին. Վան Ի

Հոկտեմբերի 15-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ մտքերի փոխանակման նպատակով,  հայտնում է Սինհուան։

Նշելով, որ ներկայիս իրավիճակը Մերձավոր Արևելքում սպառնալի բնույթ է կրում, իսկ ռազմական բախումները շարունակաբար ընդլայնվում են, Իրանի արտգործնախարարը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածի խաղաղ բնակչության վրա հարձակումները դադարեցնելու և տարածաշրջանում հումանիտար իրավիճակը մեղմելու համար։

Չինացի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարն ասել է, որ Գազայի քաղաքացիների դեմ սիոնիստական ռեժիմի հանցագոծությունների շարունակման դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ճգնաժամի սահմանները չեն ընդլայնվի։

«Իրանական կողմը հույս ունի խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով և պատրաստ է ակտիվացնել շփումները Չինաստանի հետ այդ ուղղությամբ»,- ընդգծել է Աբդոլահիանը։

Վան Ին, իր հերթին, ասել է, որ ներկայումս հրատապ խնդիրը  իրավիճակի սառեցումն է և Գազայի հատվածում  լուրջ հումանիտար աղետի կանխումը, հակառակ դեպքում այն կհանգեցնի նոր քաղաքացիական զոհերի,  կխաթարի խաղաղությունը տարածաշրջանում և կկործանի խաղաղ գործընթացը Մերձավոր Արևելքում, հայտնում է Սինհուան։

Ինքնապաշտպանության իրավունքի իրացումը պետք է համապատասխանի միջազգային իրավունքին և միջազգային մարդասիրական իրավունքին, ներառյալ խաղաղ բնակիչների և կալանավորների անվտանգությունը, նշել է Չինաստանի արտգործնախարարը՝ զգուշացնելով, որ բռնությանը բռնությամբ արձագանքելը միայն ավելի մեծ վնաս կհասցնի և կհանգեցնի ավելի լուրջ ճգնաժամի։

Վան Ին ընդգծել է, որ Չինաստանն աջակցում է իսլամական երկրներին իրենց միասնությունն ու համակարգումը ամրապնդելու գործում, ինչպես նաև Պաղեստինի հարցում  միասնական ճակատով հանդես գալուն՝ կոչ անելով միջազգային հանրությանը դիմակայել ցանկացած կողմից խաղաղ բնակչությանը հասցվող վնասներին:

Չինաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ պաղեստինա-իսրայելական ներկայիս իրավիճակին հասնելու հիմնարար պատճառն այն է, որ Պաղեստինի ժողովրդի պետականության իրավունքի իրացումը վաղուց հետաձգվել է, նրա գոյության իրավունքը երկար ժամանակ մնացել է չիրացված, իսկ նրանց վերադարձի իրավունքը տարիներ շարունակ անտեսվել է:

Նման պատմական անարդարությանը պետք է հնարավորինս շուտ վերջ դրվի, շարունակել է  Վան Ին՝ նշելով, որ Չինաստանը կշարունակի մնալ խաղաղության և արդարության կողմնակից և աջակցել Պաղեստինի ժողովրդի՝ իր ազգային իրավունքները պաշտպանելու արդար գործին։