Սա այն ցավալի իրավիճակն է, որի մեղավորներն իրենց մեղավոր չեն համարում

Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի կողմից մարդկային վերաբերմունք ակնկալել առևանգված մեր քաղաքացիների նկատմամբ, բացառված է: Նրանց համար Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ անմարդկային վերաբերմունքի «արժանի» 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը և շարունակել․

«Հիմա էլ ցինիկ դիտավորությամբ հրապարակել են անօգնական վիճակում գտնվող մարդու տառապանքի կադրեր՝ այդ հոգեվիճակը, հուսահատությունը նրա ընտանիքում, հայ հասարակության մեջ տարածելու համար: Ակնհայտ է, թե ինչ պայմաններում է Վագիֆ Խաչատրյանը գտնվում այս 4 ամիսների ընթացքում հեռու ընտանիքից, հայրենիքից, վախի մթնոլորտում, ադրբեջանական գերության մեջ դատապարտված տառապանքների:

Սա է այն պատկերը, որում հայտնվել ենք մենք, և սա այն ցավալի իրավիճակն է, որի մեղավորները, ցավոք, իրենց մեղավոր չեն համարում:

Պետք էր ամեն ինչ անել, որ Վագիֆ Խաչատրյանն ու մեր մյուս հայրենակիցները չհայտնվեին ադրբեջանական գերության մեջ, չլինեն այսպիսի նվաստացած վիճակում, որ Ադրբեջանն էլ դրանից հրճվանք ապրեր: Հայաստանի քաղաքացին, հայը պետք է զգա Հայաստանի պետության պաշտպանությունը:

Քանի դեռ Հայաստանի գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու ենք գտնվել վտանգի տակ:

Նրանց հանցավոր արարքները շարունակվելու են, քանի որ շարունակվում է ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև պատախանատվության բացակայությունը»:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկել է Լաչինի անցակետում ապօրինի ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատական ​​նիստը։ Խաչատրյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից մեղադրվում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։

Դատավարությունը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը։ Ըստ «դատավարության»՝ 59 անձ ճանաչվել է գործով տուժած։