Լևոն Մնացականյանի գերությունն ու լռությունը. ի՞նչ են հայտնում հարազատները․ MediaHub

Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց շարքում է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ Սակայն, ադրբեջանական կողմը մինչ օրս խնամքով թաքցնում է Մնացականյանի ձերբակալման կադրերը։

Նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն առ այսօր չի հրապարակվել։

MediaHub-ը կապ է հաստատել Լևոն Մնացականյանի ընտանիքի հետ։ Ընտանիքը հայտնել է, որ այս պահին Մնացականյանի մասին որևէ տեղեկություն չունեն։

«Ենթադրելի է մի բան, որ ինքն այլ տեղ է պահվում։ Նա սրտի վիրահատություններ էր տարել և առողջական լուրջ խնդիր ունի։ Միայն Կարմիր խաչն է մեկ անգամ ընտանիքից որոշ դեղեր վերցրել։ Այլ տեղեկություն այս պահին չունենք»,- ասել է աղբյուրի զրուցակիցը։

Մնացականյանի ընտանիքն անհանգիստ է ու նաև տարօրինակ է համարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալման մասով՝ համատարած լյռությունը։

Հիշեցնենք, որ մինչ օրս Բաքուն հրապարակել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման կադրերը: Ուրբաթ օրը՝ տևական լռությունից հետո հրապարակվեց նաև Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի լուսանկարը՝ գրադարանից: Սակայն Լևոն Մնացականյանից որևէ լուսանկար ու տեսանյութ մինչ օրս չկա: