Հոլոքոստից բխող պատասխանատվություն ունենք պաշտպանելու Իսրայելի անվտանգությունը. Շոլցի սրտակեղեք խոստովանությունը

Գերմանիան, պատմական պատասխանատվություն կրելով Իսրայելի անվտանգության համար, ռազմական օգնություն է առաջարկում այդ երկրին և խոստանում է ճնշել Գերմանիայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանն աջակցությունը. այս մասին, ինչպես գրում է The Times of Israel-ը, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը՝ անդրադառնալով Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը:

Շոլցը Գերմանիայի խորհրդարանում նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել է Գերմանիային տեղեկացնել ցանկացած կարիքի, «օրինակ՝ վիրավորների բուժման վերաբերյալ»:

«Այս պահին Գերմանիայի համար միայն մեկ տեղ կա՝ տեղ Իսրայելի կողքին», – ասել է նա օրենսդիրներին:

«Մեր սեփական պատմությունը, Հոլոքոստից բխող մեր պատասխանատվությունը մեզ համար մշտական խնդիր է դարձնում պաշտպանել Իսրայել պետության անվտանգությունը»,- ընդգծել է Շոլցը։

Նա մանրամասնել է, որ Գերմանիան պաշտոնական արգելք կսահմանի ՀԱՄԱՍ-ին աջակցող գործունեության համար և որ «զրոյական հանդուրժողականություն կլինի հակասեմականության նկատմամբ»:

Նա նշել է, որ Գերմանիան դադարեցրել է պաղեստինյան տարածքների զարգացմանն ուղղված օգնությունը, թեև շարունակում է մարդասիրական օգնության տրամադրումը:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայնել է Իսրայելի խնդրանքին՝ տրամադրելու երկու Heron TP 5 մարտական անօդաչու թռչող սարք: Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բրյուսելում ասել է, որ Իսրայելը զինամթերք է խնդրել, խնդրանքը կքննարկվի։