Այս պահի դրությամբ մոտավորապես 2500 արցախցի է դուրս եկել Հայաստանից. պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան ՀՀ-ում․ Փաշինյան

«Մեր միջազգային բոլոր գործընկերներն ասում են՝ մենք զարմացած ենք, թե ինչպես կարող է այդպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված, ըստ էության, փախստական, և կառավարությունն ի վիճակի լինի առնվազն նրանց կարճաժամկետ կարիքները հոգալ, նաև միջնաժամկետ կարիքները հոգալ»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավաստիցրեց, որ բռնի տեղահանվածներին Հայաստանում տեղավորելու ծրագիր նախապես չեն ունեցել:

Հայտնելով, որ բռնագաղթածներին ընդունելու պլան չի եղել՝ նա բացատրեց. «Որովհետև ԼՂ-ից հայաթափումը երբեք մեր պլանների և մեր քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ մեր օրակարգում չի եղել: Ինչ որ արվել է, արվել է գործնականում ժամերի և օրերի ընթացքում»:

Փաշինյանն անդրադարձավ նաև այլ երկրներ արցախցիների տեղափոխման խնդրին:

«Այն պարագայում և այն դեպքպում, երբ ԼՂ-ի մեր քույրերը և եղբայրները որևէ պատճառով իրենց տները վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, որ ամեն ինչ անենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան ՀՀ-ում»,-հայտարարեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ ցանկություն կա, որ բոլորն ապրեն, աշխատեն Հայաստանում:

«Ես ամեն օր ստանում են թվերը, թե Լեռնային Ղարաբաղից եկած ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, այս պահի դրությամբ մոտավորապես 2500 մարդ է դուրս եկել, ես հույս ունեմ, որ նրանք այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում իրենց բարեկամներին, որ ինչ-որ ժամանակ անցկացնեն  այնտեղ ու վերադառնան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: