Նախկինները Արցախի իշխանության թիկունքին էին, ներկաները հարվածեցին թիկունքից

Արցախի անկումից ու տեղի բնիկ հայերին բռնի տեղահանելուց հետո հայկական պատմական հողերը գերեվարած ոսոխը նենգաբար գերի վերցրեց նաև Արցախի երբեմնի վերածննդի, զարթոնքի, համառ ու արդար պայքարի խորհրդանիշ դարձած ռազմաքաղաքական վերնախավին՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներին, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԼՂ խորհրդարանի վերջին նախագահ, ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Եվ դա տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության իշխանությունները զավթած խմբակի լուռ համաձայնությամբ, իսկ գուցե նաև դավադիր պայմանավորվածությամբ։ Հաշվի առնելով վերջին հինգ տարիների իրողությունները և երկու հայկական պետություններին վրա հասած պատուհասները՝  լուրջ հիմքեր կան նման պնդում անելու։ Հայաստանի իշխանությունը զավթած խմբակի ղեկավարը բազմիցս է ի ցույց դրել իր ատելությունը թե Արցախի, թե արցախահայերի նկամամբ, երբ խոսում էր Հայաստանի բյուջեից Արցախին ուղղվող ֆինանսներից՝ տողատակերում ակնարկելով, թե ՀՀ բյուջեն դրանից աղքատանում է, իսկ ՀՀ քաղաքացիների կյանքը վատթարանում է։ Նրա խոսքերը քիչ թե շատ վերափոխելով՝ նույն միտքն անընդհատ կրկնում են Փաշինյանին կուռք դարձրած տհասները, թե 30 տարի Արցախը կերավ մեր փողերը, մեր լավագույն տղերքը զոհվեցին Արցախի համար։ Եվ հույս են փայփայում, թե Արցախն Ադրբեջանին նվիրելուց հետո լավ են ապրելու, կուշտ են լինելու և անվտանգ։ Երկար ժամանակ չպահանջվեց, որ այդ փուչիկն էլ օդի պղպջակի պես պայթեր, երբ Ալիևը Արցախից հետո հայտարարեց, թե իրենց հաղթական արշավը շարունակվելու է արդեն դեպի Հայաստանի խորքերը, մանավանդ ՀՀ ինքնիշխան տարածքում արդեն իրենց համար մեկնարկային դիրքեր են զբաղեցրել։ Բայց չշեղվենք թեմայից։

Արցախը օկուպացնելու, հայաթափելու և Արցախի կայացման գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց գերեվարելու բոլոր գործընթացներում Արցախի Հանրապետությունը, Արցախի իշխանությունները, ռազմական վերնախավը միայնակ էին դիմակայում արտաքին թշնամուն։ Ավելին, Արցախը փորձում էր դիմակայել նաև իր երբեմնի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունից կազմակերպված դավադրություններին, քանի որ ՀՀ իշխանությունները գործարք էին կատարել Ադրբեջանի հետ և Արցախը դե յուրե ու դե ֆակտո ճանաչել Ադրբեջանի կազմում՝ դավաճանելով արցախցի մեր հայրենակիցներին։ Երբեք, երբեք Արցախը դեռ այդքան միայնակ ու անպաշտպան չէր եղել արտաքին թշնամու և աշխարհի առաջ։ Հայաստանը մեծ եղբոր պես միշտ կանգնած է եղել իր կրտսեր եղբոր թիկունքին, ապավեն եղել նրան, օգնել ոտքի կանգնելու ու հնարավորինս զորանալու հարցում, օգնել ամբողջ ներուժով՝ տնտեսությունը զարգացրել, դեմոգրաֆիկ խնդիրներ լուծել, ներդրումներ ապահովել, բանակը զինել ու համալրել, մասնակցել բոլոր երեք պատերազմներում, իսկ ամենակարևորը՝ բանակցային գործընթացում առաջ քաշել Արցախի ինքնորոշման հարցը՝ դա դարձնելով բանակցությունների առանցքը։ Հայաստանի Հանրապետության նախորդ գոնե թե երկու իշխանությունները սերտորեն համագործակցել են Արցախի ղեկավարության հետ՝ կիսվելով փորձառությամբ, խորհուրդներով, օգնել այն անհրաժեշտով, ինչի կարիքն այդ պահին ունեցել է հայկական երկրորդ պետությունը։ Իզուր չէր, որ Արցախի իշխանություններն անվերապահ վստահելով ՀՀ իշխանություններին՝ նրանց էին հանձնել իրենց անունից բանակցողի դրոշը՝ վստահ, որ երբեք թիկունքից հարված չեն հասցնի, ինչպես դա արեց մահաբեր Փաշինյանը։ Հատկապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Արցախին տրամադրվող բազմակողմանի օգնությունը շատ ավելի մեծ ծավալների է հասել, իսկ բանակցային գործընթացը թվում էր՝ մոտենում է հանգուցալուծմանը։ Ամբողջ միջազգային հանրությունն էր խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, իսկ Ալիևի բողոքները նրանց ականջների կողքով էին անցնում։ Ավելին, քառօրյա պատերազմից հետո Հայաստանը կարողացավ հասնել սահմանին վերահսկման մեխանիզմներ տեղադրելու իր առաջարկի ընդունմանը, ինչը թույլ կտար կանխել ադրբեջանական ագրեսիայի ցանկացած փորձ։

Ասել կուզի, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ ՀՀ իշխանությունը զավթած խմբակի ձևակերպմամբ՝ նախկինները, երբեք չեն լքել Արցախի իրենց գործընկերներին, գործել են համատեղ, համաձայնեցված ու արդյունավետ։ Եվ միայն 2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո եկավ մի իշխանություն, որը պետք է պառակտեր Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը, թշնամացներ միմյանց, իսկ ամենադժվարին պահին ոչ միայն լքեր ու միայնակ թողներ՝ ձեռքերը լվանալով, այլև գործարքի մեջ մտնելով թշնամու հետ, Արցախը քավության նոխազ դարձներ։ Իսկ հիմա էլ, երբ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ճակատագիրն անորոշ է թշնամու բանտերում, ոմանց անգամ ցմահ բանտարկություն է սպառնում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները նույն համատարած անտարբերությամբ հայտարարում են, որ իրենք որևէ առնչություն չունեն այդ խնդրի հետ, որ դա իրենց մտահոգության առարկան չէ, ոչինչ, որ Արցախի նկատմամբ իրենց ոճրագործ դավադրության հետևանքով այդ մարդկանց հետագա ճակատագիրը խեղվեց։ Թեև նույն մոտեցումը ցուցաբերում են նաև Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ՝ նրանց թողնելով առանց էական օգնության։

Թագուհի Ասլանյան