Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի համատեղ զորավարժությունները. Հայաստանը դրանց չի մասնակցում

Ղրղզստանում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները։ Հայաստանը դրանց չի մասնակցում։

Ինչպես տեղեկացրել է Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը, «Էդելվեյս» զորադաշտում տեղի է ունեցել համատեղ զորավարժությունների ակտիվ փուլի բացման հանդիսավոր արարողությունը։

Զորավարժությունների հիմնական նպատակը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վարչական մարմինների և անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումն է։ Միջոցառումներն ուղղված են նաև զորամասերի և ստորաբաժանումների համատեղ գործունեության կազմակերպման բարելավմանը։

Զորավարժությունների ընթացքում կկատարվեն հետհակամարտային կարգավորման առաջադրանքներ ճգնաժամային գոտում՝ խաղաղապահ գործողությունների իրականացում ուժի և ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի միջոցների կիրառմամբ, հումանիտար օգնության ցուցաբերում։

Զորավարժություններին մասնակցում է մոտ 1,5 հազար զինծառայող Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից, ՀԱՊԿ Միավորված շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը։ Մասնակցում են նաև ավելի քան 200 միավոր հատուկ, զրահատանկային և մեքենայական տեխնիկա, ռազմատրանսպորտային կործանիրչև բանակային ավիացիա, անօդաչու ավիացիա և մարտանավակներ։