Կմեկնի՞ Փաշինյանը Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին. մեկնաբանում են Կրեմլից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին կարող է մասնակցել տեսակապով։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին»  հաղորդաշարի մեկնաբանության մեջ, որը Տելեգրամ ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։

«Չգիտեմ՝ Փաշինյանը կգա՞ այնտեղ, ըստ իս՝ տեղեկություններ կան, որ նա կլինի տեսակապի միջոցով»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ պատասխանելով հարցին, թե Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում նախատեսվո՞ւմ է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի միջև։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ ղեկավարը նախատեսում է հոկտեմբերին այցելել Ղրղզստան և այնտեղ հանդիպել, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ այցի ժամկետները որոշված են, սակայն դրանք դեռ վաղ է հայտարարել։ Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը հայտնել է, որ ԱՊՀ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։ Ղրղզական կողմը նաև ակնկալում է, որ Պուտինի պետական այցը Ղրղզստան կկայանա հոկտեմբերի 12-ին։