Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ենք մենք ցավագին ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը. ՔՊ-ական Հովիկ Աղազարյան․ NEWS.am

Կարծում եմ՝ պետության ղեկավարի գրավոր և բանավոր խոսքը իրարից շատ չպետք է տարբերվեն. Այդ իմաստով, մենք նոր իրավիճակում չենք հայտնվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Գրանադայում հայտարարություն է ընդունվել, որով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը արդեն գրավոր է հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բոլորս գիտենք, որ նախկին ԽՍՀՄ երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչվել է փոխադարձաբար 1991-ին և սա դրա վերահաստատումն էր: Այն հանգամանքը, որ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, ինձ համար անհասկանալի է, թե ինչու ենք մենք դա ցավագին ընդունում: Հիմա լրացուցիչ այդ շեշտադրումն արվել է ինչ-ինչ քաղաքական հանգամանքներից ելնելով, որպեսզի այն քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչները, որոնք  իրապես շահագրգռված են, որ այստեղ լինի խաղաղություն, որ կարողանան դա օգտագործել բանակցային գործընթացներում իրավիճակներ ստեղծելու համար:

Այսպես, թե այնպես մենք ճանաչել ենք, այսպես, թե այնպես Արցախի հարցը եղել է ոչ թե տարածքային հարց երկու պետությունների միջև, այլ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հենված գործընթացներ են եղել»,-ասաց նա:

Նա դժվարացավ ասել, թե  ինչու Ալիևը չգնաց Գրանադայի հանդիպմանը. «Ինձ համար դա ավելի լավ տարբերակ էր, որ չգնաց: Դա նշանակում է, որ ինքը խնդիրներ ունի այս կամ այն հարցի շուրջ պատասխան տալու: Օրինակ, ինքն ասում է, որ ԼՂ հայությունն ինքն է կամավոր դուրս եկել: 100-120 հազար ժողովուրդը չի կարող երկու օրում կամովին դուրս գալ, դա բացառված է: Երևի այս հարցերին պատասխան տալը դժվար է Ալիևի համար: Միգուցե նաև այլ հանգամանքներից ելնելով չի եկել»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում