Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների պարագայում ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կսահմանի։

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում պատասխանելով այդ հարցին՝ Միշելն ասել է. «Երկու օր առաջ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ալիևի հետ, և նա հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի»:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Միշելը հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հոկտեմբերի վերջին հրավիրել է  Բրյուսելում և ընդգծել, որ երկուսն էլ արդեն հաստատել են դրան իրենց մասնակցությունը: Հոկտեմբերի վերջին Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունների մասին հայտնի էր դարձել դեռ նախօրեին։