Ես պատրաստ եմ ստորագրել այդ պայմանագիրը և ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենա դա անել. Փաշինյան

«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը։ Նախատեսված հանդիպումը չի կայանում ամենևին ոչ մեր մեղքով»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շատ կառուցողական և լավատես էինք տրամադրված։ Կարծում էինք՝  հնարավորություն կա շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագելու և, ըստ էության, մինչև այսօր առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում։
Շրջադարձային նշանակության փաստաթուղթը դա այն փաստաթուղթն է, որը  խամաճիկային ընդդիմությունն ամեն ինչ անում է, որպեսզի ներկայացնի որպես կործանարար փաստաթուղթ»։

Փաշինյանը հայտարարեց, որ հայկական պատվիրակությունը մեկնելու է Գրանադա, որի կազմում ԱԳ նախարարն է, անվտանգության խորհրդի քարտուղարը. «Մենք չենք չեղարկել, մեկնում ենք, այնտեղ ունենալու ենք հանդիպումներ և, ըստ էության, փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել։

Ցավում ենք, որ հանդիպումը տեղի չի ունենա, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։
Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել և ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարել, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց»։

Նա նշեց, որ չի ուզում սխալ տպավորություն ստեղծվի, թե ենթադրենք այդ փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր, հակասում է, կամ հարվածում է, կամ հակառակ է Ադրբեջանի շահերին և  լիարժեք համապատասխանում է  միայն ՀՀ շահերին։

«Այդ փաստաթուղթը համապատասխանում է տարածաշրջանի խաղաղության և կայունության շահերին։

Եթե որևէ փաստաթուղթ հավասարակշռված չլինի, որևէ մեկը չի ստորագրի  այդ փաստաթուղթը ու որևէ մեկը չի կարող ստիպել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանար հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում՝  ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ: