ԼՂ-ից Հայաստան գաղթի ճանապարհին մահվան դեպքեր են գրանցվել. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներին ու կարիքներին։

«Առաջին վայրկյանից Կոռնիձորում ու Գորիսում կազմակերպվել է առաջին բուժօգնության ծառայություն։ Մեր թերապևտները և մանկաբույժներն իրականացնում են անհատական կոնսուլտացիա»,- ասել է նա։

Ավանեսյանի խոսքով՝ տեղահանվածներն առողջական վատ վիճակում են. «10 ամիս շրջափակման մեջ են եղել, թերսնված, երկար ժամանակ խրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չեն ունեցել, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հենց առաջնակի բուժօգնություն տրամադրելը։ Երբ այս կետից հետո հոսպիտալացման կարիք է լինում, շտապօգնության մեքենաները տեղափոխում են հիվանդանոց»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին տրամադրվում է բուժօգնություն, դեղորայք։

Ավանեսյանը նշել է, որ բուժում ստացողների թիվն անընդհատ փոխվում է. «60-70 քաղաքացի ունեն սրտանոթային և այլ հիվանդություններ։ Իսկ պայթյունից տուժածների առումով՝ ասեմ, որ ծանր ընթացքը շարունակվում է, կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ, որոնց կյանքը փրկելու համար պայքարում են բժիշկները»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ 140-ից ավելի պացիենտ տեղափոխվել է միայն այրվածքներով։ Նա հիշեցրել է, որ այրվածքները երկար բուժում են պահանջում։

Նախարարը նաև խոսել է տեղահանման ճանապարհին մարդկանց մահվան դեպքերից. «ԼՂ-ից ՀՀ տեղափոխման ճանապարհին, որը 40 ժամից ավելի է եղել, գրանցվել են ինսուլտով մահեր՝ հիմնականում մեծահասակների մոտ»,- ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ ցավոք նման դեպքերն անխուսափելի են: