Արցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները հատկացումներ կստանան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է Արցախի գործընկերների հետ` համակարգելու բոլոր բռնի տեղահանված թոշակառուների, նպաստառուների հատկացումները։ Այսօր՝ սեպտեմբերի 28-ին կառավարության նիստում հատարարեց նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Կան տեխնիկական խնդիրներ` սկսած այդ բազաներին տիրապետելու, տվյալները հավաքագրելու առումով։ Ոչ միայն թոշակները, այլև ծերության, երեխայի խնամքի նպաստների հարցերը կան, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները կան։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում այս մասին առավել հստակ կարող ենք տեղեկատվություն ունենալ»,– հայտարարեց նախարարը։

Տիգրան Խաչատրյանը հավաստիացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում բոլոր բռնի տեղահանվածների նույնականացման հետ կապված ամբողջ ճշգրտված տեղեկատվությունը պատրաստ կլինի։

Փոխվարչապետի խոսքով, կլինեն ֆինանսական աջակցության տարբեր գործիքներ, որոնք միգուցե թոշակ կամ նպաստ չկոչվեն, սակայն շահառու յուրաքանչյուր խմբի հասցեական կարիքներին համապատասխան կլինեն։