Ադրբեջանական սև ցուցակում ընդգրկված Դավիթ Բաբայանը Բաքվի պահանջով մեկնել է Շուշի

Արցախի հանրապետության նախկին ԱԳ նախարար, տարբեր պաշտոններ զբացրած Դավիթ Բաբայանը Բաքվի պահանջով մեկնում է Շուշի։

«Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»,-գրել է նա։