Չենք կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո․ բռնի տեղահանվածները պատմում են ապրած սարսափի մասին

Արդեն մի քանի օր է, ինչ Գորիսի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կոորդինացիոն կենտրոնն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությունը, տեղական մարմինները, «Կարմիր խաչի» ներկայացուցիչներն ու բազմաթիվ կամավորականներ ջանք չեն խնայում, որպեսզի հոգան ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքները։

Ինչպես Գորիսից հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կոորդինացիոն կենտրոնում հաշվառվում են, նրանց առաջարկվում են կեցավայրի տարբերակներ: Մարդկանց տրվում են առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորայք, տաք ծածկոցներ, անվասայլակներ: Առողջական խնդիրներ ունեցողներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:

Այս օրերին կոորդինացիոն կենտրոնում են տարբեր երկրներից ժամանած լրագրողներ։ Ամիսներ շարունակ ԼՂ անօրինական շրջափակման մասին լռող արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներն արդեն այսօր փորձում են ներկայացնել իրավիճակը Գորիսից, վավերագրել կատարվողն ու միջազգային հանրության ուշադրությունը բևեռել ծավալվող հումանիտար աղետի վրա։

Բռնի տեղահանված արցախահայերին օգնություն են ցուցաբերում նաև գորիսեցիները: Բազմաթիվ տների առջև տեղադրված են սեղաններ: Արցախահայերին առաջարկում են տաք սնունդ՝ առաջնահերթ հոգածություն ցուցաբերելով երեխաներին, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները շատ հաճախ չեն ցանկանում լուսանկարվել, նախընտրում են հաղորդակցվել և զրուցել առանց տեսախցիկների։ Նրանք հատկապես տհաճությամբ են հիշում, թե ինչպես են Հաքարիի անօրինական անցակետում ադրբեջանցիները տեսանկարահանում և լուսանկարահանում բոլորին։