Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ ԱՆ և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ. Արցախի ԱՆ

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։

Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված  բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն բոլոր տուժածներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի է ունեցել պայթյուն։ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Արցախի առողջապահոթյան նախարարության հաղորդմամբ, նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։

Պայթյունի տուժած  տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում  պայթյունի հետևանքով 7 տուժած  արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է: