Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի հեռախոսազրույցը։

Կրեմլի փոխանցմամբ, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ. «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ թվում ՝ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության ուղղությամբ: Ռուսաստանի և Իրանի նախագահները շեշտել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը: Երկուստեք հետաքրքրություն է հայտնվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքի ակտիվացման հարցում։

Երկկողմ օրակարգի քննարկման ժամանակ գոհունակություն է հայտնվել ռուս-իրանական համագործակցության կառուցողական և փոխշահավետ բնույթի կապակցությամբ: Հաստատվել է առեւտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման, էներգետիկայի եւ տրանսպորտային ոլորտում խոշոր համատեղ նախագծերի առաջմղման, գործարար շրջանակների եւ զբոսաշրջային փոխանակումների գծով շփումների ընդլայնման տրամադրվածությունը»,- հայտնում են Կրեմլից: